ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՂՁՔ ՀՆԱՎԱՅՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՂՁՔ ՀՆԱՎԱՅՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

2022-06-23T17:36:54+00:00 07/06/2022|Լրահոս|

 

Աղձք հնագիտական հուշարձանը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում: Նախապես այն հայտնի էր վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներով:

1973-1975 թթ. հնավայրի տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելիս, ճարտարապետական բազմաթիվ բեկորների հետ միասին բացվեց նաև հայ Արտաշեսյան ու Արշակունի թագավորների մասունքները վերաթաղելու նպատակով 364 թ. կառուցված գետնափոր դամբարան, որի մասին ժամանակին գրավոր տեղեկություններ էին հաղորդում Մովսես Խորենացին և Փավստոս Բուզանդը: Դանբանախցի ներսում, հյուսիսային և հարավային պատերին կից, պեղվեցին քարով շարված ուղղանկյուն արկղաձև տարածություններ, որոնցում ժամանակին ամփոփվել են Հայոց աշխարհի հեթանոս և քրիստոնյա տիրակալների մասունքները: Դամբարանի հարակից տարածքից ի հայտ եկան նաև եզակի հարթաքանդակներ՝ կենդանիների և թռչունների խորհրդանշական պատկերներով:

2015 թ. հուշարձանի տարածքում պեղումները վերսկսել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ: 2015-2017 թթ. ընթացքում արշավախմբի կողմից բացվել են վաղմիջնադարյան (IV-VI դդ.) բազմաթիվ դամբարաններ, հայտնաբերվել է շատ կարևոր նշանակություն ունեցող հնամարդաբանական նյութ: Հատկապես առանձնանում է դամբարանի հարակից տարածքում բացված պալատական կառույցը, որը եզակի է վաղմիջնադարյան Հայաստանի հնագիտության համար:

Նկատի ունենալով Հայաստանի բազմադարյան ժառանգության մեջ Աղձք հնավայրի բացառիկ դերը, ՀՀ Կառավարության 2022 թ. մայիսի 26-ի որոշմամբ այն հռչակվել է պատմամշակութային արգելոց և ընդգրկվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգում:

 

ՀՀ կառավարության 2022թ.  մայիսի 26-ի N 731-Ն  որոշմամբ՝ հնավայրը ներառվել  է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի համակարգ՝ «Աղձք» պատմամշակութային արգելոց» անվամբ: