«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա տարածքում մարտի 29-ից մինչև մայիսի 27-ը շարունակվել են ճարտարապետական բեկորների նույնականացման և հաշվառման աշխատանքները։
Նույնականացվել և հաշվառվել են տաճարի բոլորակ պատի, որմնասյուների, արևմտյան, հարավարևմտյան, հարավային պատերի շարվածքներում, խորանի և բեմի, ավանդատան հատվածում, բեկորների ժամանակավոր ցուցադրության տարածքում առկա ճարտարապետական բեկորները։ Աշխատանքները շարունակվել են տաճարի հարակից շինություններում, երեք բացօթյա պահոցներում, Թ․ Թորամանյանի պուրակի հարևանությամբ՝ փակ պահոցում, ճարտարապետական բեկորների փռվածքներում, հնձանի և փռվածքի միջին հատվածում, քարակույտերի հատվածներում, թանգարանի պահոցներում։
Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքային խումբը՝ (Փիրուզա Սահակյան, Տիգրան Նասոյան (Գիտահետազոտական բաժնի մասնագետներ), Մարինե Բեգլարյան (Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ), Անի Ամիրջանյան («Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդապահ) նույնականացրել և հաշվառել է մոտ 900 ճարտարապետական բեկոր։