«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը և ցուցադրությունների ու միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օգոստոսի 9-ին ընդունել են Իրաքյան Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության նախարար Մուհամմադ Սաիդ Ալի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի օրինակով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականությունը՝ պատմական արժեք նրկայացնող հուշարձանների պահպանության և հանրահռչակման ուղղությամբ: Մուհամմադ Սաիդ Ալի գլխավորած պատվիրակությունը շրջել է հուշարձանի տարածքում, ծանոթացել մշտական գործող և ժամանակավոր ցուցադրություններին: Իրաքյան Քուրդիստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներին ներկայացվել է նաև Հայաստանի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գիտական և հրատարակչական գործունեությունը: Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական հուշարձանների վերաբերյալ ՊՈԱԿ-ի մեծաթիվ արժեքավոր հրատարակություններից տնօրենի պաշտոնակատարը նվիրել է հյուրերին: