ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են կատարել Լուսաշող համայնքի՝ մասնավորապես, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշաղբյուրի, համայնքից 0,5 կմ հեռավորության վրա՝ Լուսաշող-Լանջառ ճանապարհից ձախ գտնվող Սահմանախաչի և 17-19-րդ դդ․ թվագրվող Ս. Հովհաննես եկեղեցու տարածքում: Վերջինիս պահպանված միակ կառույցի՝ զանգակատան շրջակայքում 2021թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Արտակ Գնունու ղեկավարությամբ, իրականացրել է հնագիտական պեղումներ: Աշխատանքների ընթացքում հողի և բուսաշերտի տակից բացվել է 16×10 մ․ չափերով մոնումենտալ կառույց՝ մեկ մետրից ավելի պատերի հաստությամբ: Եկեղեցին ունեցել է ուղղանկյուն խորան, որը հազվագյուտ երևույթ է Հայաստանի տարածաշրջանի համար. ուղղանկյուն խորանով եկեղեցիներ սովորաբար հանդիպում են հատկապես՝ Սյունիքում և Արցախում։ Պարզվել է, որ Ս. Հովհաննես եկեղեցին մեծ վանական համալիրի մաս է կազմել: Այս մասին փաստում են հյուսիսային մասում բացված ծեփապատ, մշակված քարե ծածկով տնտեսական հորը և տարբեր չափերի տարողունակ խեցամանանների բեկորները։ Հուշարձանի տարածքի ուսումնասիրումը նախաձեռնել է Մասյացոտնի թեմը՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի առաջնորդությամբ, իսկ աշխատանքները գլխավորել է ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանը։