Տավուշյան կանթեղների լույսը. երեք ձիթաճրագի պատմություն

Տավուշյան կանթեղների լույսը. երեք ձիթաճրագի պատմություն

2023-01-26T09:59:19+00:00 25/01/2023|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

1139 թ. Տավուշի բերդում էին հավաքվել հոգևոր և աշխարհիկ երևելի այրեր Աղվանքի նոր հովվապետ ընտրելու համար: Տավուշ ամրոցի վեհաշուք պալատում տեղի ունեցավ այդքան սպասված իրադարձությունը: Զգալի էր լույսի պակասը. հարկավոր էր փարատել և´ հոգևոր, և´ աշխարհիկ խավարը:

Աշխարհիկ խավարը փարատելու միջոցը դյուրին էր` անհրաժեշտ էր պալատում տեղադրել ձիթաճրագներ: Այդպիսի կարգադրություն ստանալով` սպասավորը ներս բերեց երեք ձիթաճրագ և վառելով ձեթով լի ճրագամանները` դրանք տեղավորեց դահլիճի որմնախորշերում:  Լույսը տարածվեց` լուսավորելով ամբողջ սրահն ու ժողովականների միտքը. Աղվանից կաթողիկոս ընտրվեց Գրիգորիս Բ-ն (1139-1145):

Անցան տարիներ: Հայոց մյուս բերդերի ու ամրոցների հետ միասին ավերվեց նաև Տավուշ ամրոցը:

Իսկ դարեր անց հնավայրի վերածված հայտնի բերդը դարձավ հնագետների ուսումնասիրության օբյեկտ: Համառ աշխատանքի շնորհիվ բացվում էին ամրոցի հնամենի շերտերը` ի ցույց դնելով բերդի և տարածաշրջանի պատմության` նախկինում անհայտ էջերը: Հողի բազմադարյա շերտի տակից ի հայտ են եկել նաև այն անոթները, որոնք լուսավորեցին ամրոցի վեհաշուք դահլիճը Աղվանից կաթողիկոսի ընտրության ժամանակ:  Կրակից սևացել էին դրանց քթիկները, փլատակների տակ մնալուց`  կոտրվել  որոշ հատվածներ:

Այդուհանդերձ, ձիթաճրագները հիացմունք են պատճառում դիտողին` լուսավորելով բազամադարյա պատմության խավար շերտերը:

«Տավուշ բերդ: Գեղարվեստապատում»

Տիգրան Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից