Հայոց փառքի քարե վկաները. Բջնիի ամրոց

Հայոց փառքի քարե վկաները. Բջնիի ամրոց

2023-01-31T15:03:38+00:00 31/01/2023|Կոտայք, Լրահոս, Հրապարակումներ|

Հայաստանի միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը` Բջնիի ամրոցը,  գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում: Հնագիտական պեղումները փաստում են, որ Բջնիում առկա են վաղ բրոնզե դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառող մշակութային շերտեր:

Վարչատարածքային բաժանումների հետևանքով Բջնին հիշատակվում է Այրարատ նահանգի նախ Վարաժնունիք, ապա Մազազ և Նիգ գավառներում: Իսկ VII դարում կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին այն հիշատակում է որպես ամրոց:

X դարի կեսերին` Պահլավունիների` Վարաժնունիք գավառը ժառանգելուց հետո, Բջնին սկսում է զարգանալ:

Նշանակալի իրադարձություն էր 1031 թ. Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը Գրիգոր Մագիստրոսի կողմից: Որպես առաջնորդանիստ հաստատված այս եկեղեցում 1066 թ.  անցկացվում է կաթողիկոսական ընտրություն. հայրապետ է ընտրվում Գրիգոր Մագիստրոսի որդին` Գրիգոր Բ. Վկայասերը: XII դարի առաջին քառորդին Բջնին դառնում է կաթողիկոսական աթոռապահ 4 եպիսկոպոսական աթոռներից մեկը:

Հատկանշական է, որ 1939 թ.  մասնակի վերականգնվել են Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի ստորին շարվածքները: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել և նախնական տեսքի է բերվել 1956-1957 թթ.:

X-XI դարերում վերաշինվելով` Բջնին դառնում է կարևոր հենակետ` հյուսիսից պաշտպանելով մայրաքաղաք Անին: Ամրոցի կրկնապարիսպները կառուցվում են սպարապետ Վասակ Պահլավունու և նրա որդու` Գրիգոր Մագիստրոսի օրոք:

1072-ին, սակայն, Բջնին գրավում են սելջուկները` հանձնելով Շադդադյան կոչվող քրդական ցեղերին: Այն ազատագրվում է 1201-ին  Զաքարյանների կողմից` դառնալով Իվանե Զաքարյանի իշխանանիստը:

XIII դարի վերջին Բջնին ընդարձակ քաղաք էր, որին, սակայն, թաթար-մոնղոլական արշավանքները չշրջանցեցին: Այսպես, քաղաքը 1358 թ. ավերածությունների է ենթարկվում թաթարների կողմից, իսկ 1387-ին  նվաճվում է Լենկթեմուրի կողմից: Այդուհանդերձ, արդեն 1487-ին  գրված հիշատակարաններից մեկում ամրոցն անվանվում է «անառիկ դղյակ»:

Սակայն XVII դարից սկսած քաղաքային և եկեղեցական կյանքն այստեղ սկսում է անկում ապրել:

Մեծ է եղել Բջնիի ամրոցի նշանակությունը Հայաստանի պատմաքաղաքական կյանքում: Այսօր արդեն Բջնին ներկայանում է իր հարուստ և բազմադարյա ժառանգությամբ:

Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է: Հարավից, արևելքից և մասամբ` արևմուտքից, պաշտպանված է խոր վիհերով, իսկ հյուսիսից և արևմուտքից` կոպտատաշ որձաքարով և կրաշաղախով կառուցված կիսաբոլոր աշտարակակիր պարսպապատերով: Բերդատարածքը բաժանված է երկու` Մեծ և Փոքր մասերի արևելքից արևմուտք թեքվածության պատճառով: Պարիսպների մի մասը պահպնավել է մինչև այսօր:

Պահլավունիների օրոք կառուցված պարիսպները հետագայում վերանորոգվել և ամրացվել են Զաքարյանների տիրապետության շրջանում` մինչև XIV դար:

Ամրոցի ցածրադիր մասում տեղակայված է պաշտպանական հզոր, երկար պարսպապատերով առանձնացող Փոքր (Ստորին) բերդը: Պաշտպանական նկատառումներով երկրորդ շարքի պարիսպները ավելի բարձր են ճակատային պարիսպներից:

Նշանակալի էր Ստորին բերդի դերը պաշարման ժամանակ` արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու առումով: Ամրոցի պաշտպանները նման դեպքերում օգտվել են հարավային մասում կառուցված գաղտնուղուց:

Ի դեպ, Ստորին բերդի արևմտյան կողմում` պարիսպների մեջ, բացվել է կրակակետ հակառակորդին հեռահար զինատեսակով հարվածելու համար:

Բջնիում հնագիտական առաջին պեղումները կատարվել են 1928 թ.:

2007-2008 թթ. վերականգնվել են ամրոցի պարիսպները, աշխարհիկ շինության և կից կառույցի, եկեղեցիների հիմքերը,  ամրակայվել են ջրամբարն ու գետնուղու սկիզբը: