Սիրո բարեխոսը՝ Սուրբ Սարգիսը

Սիրո բարեխոսը՝ Սուրբ Սարգիսը

2023-02-03T16:39:35+00:00 03/02/2023|Լրահոս|

Սարգիս զորավարը որդու և ևս 40 մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի՝ սրբադասվելով և դառնալով սիրո բարեխոս։

Հայոց ամենասիրելի սրբերից մեկի՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի  փետրվարի 4-ին։

Ամենայն Հայոց Գարեգին  Բ Հայրապետի տնօրինությամբ  Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում և ջուր չեն խմում։ Վստահ են․ երազում  կհայտնվի այն միակը (փեսացուն կամ հարսնացուն), որը, ջուր տալով, կհագեցնի նրանց ծարավը:

Օրվա սովորություններից  է նաև փոխինձով մատուցարանը դնել տան  տանիքին կամ պատշգամբին՝ սպասելով  Ս.Սարգիս զորավարի  ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի սպիտակ  ձիու պայտի հետքը, կիրականանա հենց այդ հավատացյալի երազանքը:

Տոնի օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող  եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների  օրհնության  կարգ:

Հայոց աշխարհի բազմաթիվ  վայրերում կառուցվել և շարունակում են կառուցվել Ս․ Սարգիսի վանքեր, եկեղեցիներ, մատուռներ։  Այսօր հայտնի է ավելի քան 220  Ս․ Սարգսի անունը կրող սրբավայր։