«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը հարուստ է եզակի գտածոներով: Դրանցից է նաև կարմիր ագաթից պատրաստված գլանաձև կնիքը: Դրա դրոշմող մակերևույթին հին եգիպտական հիերոգլիֆներով արձանագրված է` «Մեծ Սանգար երկրի կառավարիչ Կուրիգալզու»:
Եգիպտոսում Բաբելոնը երբեմն անվանել են նաև Սանգար: Այսինքն` խոսքը վերաբերում է Կասսիտական Բաբելոնի տիրակալ Կուրիգալզու 1-ին: Ամենայն հավանականությամբ, կնիքը պատրաստվել է Եգիպտոսի փարավոնի պատվերով, նրան ենթակա պաղեստինյան տարածքներից մեկում, հավանաբար` Ուգարիթում, Բաբելոնի տիրակալի համար: Դա է պատճառը, որ կնիքի դրոշմող մակերևույթին փորագրված տեսարանում մեկտեղված են եգիպտական կահույքագործությանը բնորոշ գահավորակն ու էգեյա-ուգարիթյան երկկանթ սափորները, ուգարիթյան հագուստով, կասսիտ մեծատոհմիկին հատուկ կեցվածքով անձն ու պաղեստինյան տարածաշրջանին բնորոշ դարսավոր հանդերձով կինը (քրմուհին):
Առայժմ դժվար է բացատրել, թե ինչպես է եգիպտական պատվերով կասսիտ տիրակալի համար պատրաստված գլանաձև կնիքը հայտնվել Մեծամորի իշխանական դամբարանում: Հնարավոր է միայն ենթադրել, որ մ.թ.ա. 15-րդ դարի վերջին դեռևս գործում էր պայմանավորվածությունը, համաձայն որի` Հայկական լեռնաշխարհի (մասնավորապես` Մեծամորի) առաջնորդները շարունակում էին պահպանել իրենց հավատարմությունը Եգիպտոս-Միտաննի-Կասսիտական Բաբելոն եռադաշինքին և օժանդակում էին դաշնակիցներին հակախեթական գործողություններում: