«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված բազմաթիվ գտածոների թվին է պատկանում նաև թելի վրա մեկընդմեջ հավաքված, սկավառակաձև 6 կախիկից և սարդիոնից, 9 ուլունքահատիկից պատրաստված վզնոցը: Դրա կենտրոնում զետեղված է ոսկե կրծքազարդ: Սկավառակաձև կախիկները պատրաստված են երկու շրջանաձև, անզարդ ոսկե թիթեղից:
Կրծքազարդը տափակ է և ձվածիր: Դրա մակերևույթը եզրափակված է ուռուցիկ, կետաշար զարդագոտով, որի կողային հանդիպակաց հատվածներից սկիզբ են առնում գագաթներով իրար ուղղված ուռուցիկ, կետաշար եռանկյունիներ: Կրծքազարդի կենտրոնում առկա է ուղղանկյունաձև նեղ կտրվածք: Կախիչի դիմային հատվածի եզրագիծը զարդարված է ուռուցիկ, կետաշար վանդակով, որի միջնամասով անցնում է ուղղաձիգ, ուռուցիկ, կետաշար զարդագիծ:
Մասնագետների կարծիքով Մեծամորի առաջնորդների վերահսկողության տակ գտնվող տարածքները մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերից արդեն իսկ միավորված էին մեկ վաղպետական կազմավորման մեջ, որն ավելի ուշ շրջանի ուրարտական սեպագիր ակզբնաղբյուրներում հիշատակվում է Էթիունի երկիր անվամբ: Ըստ հնագետ Էմմա Խանզանդյանի` Մեծամորը պետք է որ Էթիունի երկրի արքայական քաղաքներից լիներ: Անուղղակիորեն դա են վկայում նաև մ.թ.ա. XV-XI դարերի որոշ դամբարաններում հայտնաբերված ոսկե, արծաթե և անագե մեծաթիվ և բազմաբնույթ առարկաները: