Ժողովրդական զրույցը պատմում է․ Աշտարակի հին կամրջի հիմքը դնելիս, գետը քշել տարել է նրա քարերը: Ինչքան փորձել են նորից դնել հիմքը, գետը դարձյալ քանդել ու տարել է:
Գյուղի ծերերը կամրջի վրա աշխատող վարպետներին ու բանվորներին խորհուրդ են տալիս հիմքը նոր տեղից դնել և, որպեսզի այն չքանդվի, պատաշարի մեջ կենդանի վիճկում թաղել մի որբ աղջկա: Բանվորները ման են գալիս գյուղում, հարց ու փորձ անելով գտնում են մի որբ աղջիկ, փողով առնում նրան իր խորթ մորից և շարում են կամրջի պատի մեջ: Շարելու ժամանակ աղջիկը ենթարկվում է բանվորների կամքին: Երբ պատը հասնում է նրա ծնկներին, աղջիկն աղիողորմ ձայնով ասում է.
“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.
Մինչև ծնկներս …”:
Երբ պատը հասնում է նրա կրծքին, աղջիկն ասում է.
“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.
Մինչև դոշս քարեցին …”:
Երբ պատը հասնում է աղջկա կոկորդին, նա ասում է.
“Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին.
Մինչև բուկս քարեցին …”:
Աղջկա ձայնն այլևս չի լսվում, և նա մնում է պատի մեջ: Դրանից հետո կամուրջը չի քանդվում և բարեհաջող հասնում է իր ավարտին:
Միջնադարյան Հայաստանի կամուրջները կառուցվում էին ամուր, երկարատև շահագործման համար։ Կամուրջների հիմնական շինանյութը Հայաստանի բնական քարերն էին՝ բազալտը, տուֆը, կրաքարը, ավազաքարը, որոնք մեծամասամբ օգտագործվում էին սրբատաշ վիճակում։
Հայ միջնադարյան կամրջաշինության նշանավոր կառույցներից է Աշտարակ քաղաքում, Քասաղ գետի վրա կառուցված կամուրջը ( պետ. ցուցիչ՝ 2.1.20)` ժողովրդի մեջ տարածված Աշտարակի հին կամուրջը։ Համաձայն պատմիչ Առաքել Դավրիժեցու (XVII դ․ ) վկայության` 1664 թ.-ին կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը, որի մասին արձանագրությունը փորագրվել է կամրջի միջին և մեծ կամարների միջև, ճակատային պատին (այժմ՝ սվաղված):
Աշտարակի պատմական կամուրջը պատկանում է եռակամար կամուրջների տիպին: Կամրջի եզրապատերը աստիճանաձև են, որով առավել ընդգծվում է կամրջի ընդհանուր հորինվածքային ձևը: Կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆ քարից: Իր չափերով Հայաստանի մեծ կամուրջներից մեկն է, երկարությունը 76,2 մետր է, լայնությունը` 6 մետր, կամարների բացվածքները տարբեր են՝ 7,5, 9,05 և 11,4 մետր:
Գետի աջ և ձախ ափերի տարբեր մակարդակների բարձրությամբ պայմանավորված` կամրջի թռիչքի անցումը ստացվել է թեքությամբ։ Այս կամուրջը կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման ու ռազմական տեղաշարժերի ապահովման համար:
Հավատարիմ մնալով ավանդազրույցին՝ Կամուրջը այսօր էլ կանգուն է:
Վերջին անգամ անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացվել է 2004 թ.: