Հնի ու նորի խաչմերուկում. Դաշտադեմի ամրոց

Հնի ու նորի խաչմերուկում. Դաշտադեմի ամրոց

2023-03-21T16:54:05+00:00 21/03/2023|Լրահոս|

ՀՀ Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցը կառուցված է առանց որմնախարսխի, անմիջապես բազալտե և տուֆե հիմնաժայռերի վրա: Պարսպապատով շրջափակված միջնադարյան դղյակը ներառել է նիստավոր և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդը, դրա շուրջ կառուցված աշխարհիկ ու պաշտամունքային շենքերը, պալատական միանավ եկեղեցին, ստորգետնյա ջրամբարները և տնտեսական նշանակության կառույցներ։ Միջնաբերդից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերին հարկերի առանձին պատեր։ 1199 թվականից դառնալով Զաքարյանների տիրույթ` ամրոցում մեկարկել են լայնածավալ վերականգնման և վերանորոգման աշխատանքներ: Միջնաբերդը բոլորվել է կարմիր սրբատաշ տուֆից կառուցված աշտարակավոր պարսպապատով: Պարսպապատը ունեցել է մեկ կամարակապ մուտք՝ բացված հարավային կողմից:

 

 

Մինչև XIV դարի առաջին քառորդը Դաշտադեմի դղյակը Զաքարյանների Շահնշահյան ճյուղի նստավայրերից մեկն էր: Մոնղոլական արշավանքների հետևանքով ամրոցը կործանվել է և վերականգնվել 1812 թ․, երբ Երևանի Սարդար Հուսեին խանը ձեռնարկել է պարսպապատերի կառուցումը` միջնաբերդն ու այն բոլորող պարսպապատը շրջափակելով ավելի հզոր կոպտատաշ տուֆով կառուցված պարսպով: Հիմքում ութանկյուն պատկեր հիշեցնող ամրոցապարսպի անկյուններից վեր են խոյանում մեծածավալ աշտարակներ: Ամրոցապարիսպն ունի երկրորդական փոքր մուտք՝ հարավարևմտյան աշտարակի կողմից: Հուշարձանի ճարտարապետական հորինվածքն ամբողջությամբ ի հայտ է եկել ամրոցի տարբեր հատվածներում կատարված պեղումների շնորհիվ: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում պեղումներ է իրականացրել հնագետ Եսայի Ասատրյանը․ պեղումների արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը: 2005-2007 թթ. կատարվել են Դաշտադեմի ամրոցի ամրակայման և վերականգնման աշխատանքներ: Միաժամանակ, Իտալիայի՝ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վերականգնման կենտրոնի մասնակցությամբ պեղվել են Զաքարյանների պարսպի գլխավոր՝ կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները: Դղյակում իրականացված մասնակի վերականգնման աշխատանքների արդյունքում ամրակայվել և վերականգնվել են միջնաբերդի աշտարակները:

2008, 2011-2012 թթ․ ֆրանսիական արշավախմբի և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից իրականացվել են պեղումներ ամրոցի արևմտյան և հարավարևմտյան հատվածներում, միջնաբերդի և պարսպապատի միջև: 2015 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ.՝ Աստղիկ Բաբաջանյան) լայնածավալ պեղումներ է կատարվել նաև դղյակի ներքին շրջապարսպի և միջնաբերդի միջև ընկած արևելյան և հարավային հատվածներում: 2018 թ. վերականգնվել են նաև շրջապարսպի արևելյան և հարավարևելյան հատվածները՝ նորաբաց արևելյան դարպասով (ճարտարապետ՝ Մ. Դանիելյան):