Հուշարձանների պահպանության օրվան ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության գործակցությամբ եռալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի «Ղալինջաքար ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում։
Բերդավանի ամրոցը (Ղալինջաքար) կառուցվել է X-XI դդ. ենթադրվում է, որ վերականգնվել է XVII դարում: Դատելով ճարտարապետական ձևերից՝ ամրոցը կառուցվել է Դավիթ Անհողին թագավորի օրոք (989-1048 թթ.), երբ նա ընդարձակել է իր թագավորության սահմանները դեպի հյուսիս և արևելք։
Գրավոր աղբյուրներում ամրոցի մասին միակ գրավոր վկայությունը հաղորդում է XII դարի մի վրաց անանուն պատմիչ` իր «Դավիթ արքայից արքայի պատմությունը» երկում։
Կառուցված է կոպիտ մշակված դեղնավուն ֆելզիտե մանր քարերի անկանոն շարվածքով, կապակցված է կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են: Պատերի հաստությունը 1,2 մ է, բարձրությունը, պայմանավորված ռելիեֆի արևելքից արևմուտք ունեցած թեքությամբ, եղել է տարբեր։ Պատերի վերին մասում, բուրգերի միջև առկա են պատուհաններ, որոնք, ըստ երևույթին, ծառայել են որպես դիտաճեղքեր։ Դրանցից 1 մ ցածր՝ պատերի մեջ, կան կլոր խոռոչներ։
Ամրոցի մուտքը արևմտյան կողմից է: Մուտքից հարավ, անկյունային մասում, պարսպի հաստատության մեջ կան աստիճաններ: Ամրոցն ունեցել է դեպի հյուսիսարևելյան կողմի ձորը տանող ստորգետնյա ուղի: Որմերում պահպանվել են միջնադարյան քանդակազարդ բեկորներ: Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջ, ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն):
1983թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, ապամոնտաժվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն: