Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է: Ոգեկոչելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ ցանկանում եմ ընդգծել, որ մշակույթն է ազգի լինելիության գրավականը:
Չնայած պատմության վայրիվերումներին՝ մեր ժողովուրդն աչքի է ընկել իր մշակութաստեղծ հատկությամբ, ինչի վառ ապացույցը հայկական պատմամշակութային հուշարձաններն են, որոնք դարձել են համամարդկային արժեքներ: Այդպիսի հուշարձաններից են Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին, Անի քաղաքը, որն անգամ ավերակ, հիացնում է բոլորին:
Ցեղասպանության արյունոտ տարիներին էլ հայ ժողովուրդն արարել ու կառուցել է, ստեղծել ու ստեղծագործել: Խնամելով և պահպանելով մեր երկրում գտնվող պատմամշակութային հուշարձանները՝ չենք մոռանում նաև սահմանից այն կողմ գտնվող հուշարձանների մասին, որոնց հայկականությունը վիճարկման ենթակա չէ: