Իրավախախտման դեպքեր, պահպանական գոտիների տարածքի ուսումնասիրության, չափագրման, սահմանամերձ բնակավայրերում հուշարձանների պահպանության, համայնք-մարզային ծառայություն գործակցության, պահպանական գոտիների տարածքում բնակիչների կողմից ապօրինի գործողությունների կանխարգելման հարցերը քննարկվել են Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետերի հետ հանդիպման ընթացքում։
Մարզերում խնդիրը շարունակում է մնալ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է թե՛ հուշարձանի պահպանության, թե՛ իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու գործում:
Արագածոտնի մարզի Աղթամիր հնավայրում իրավախախտման դեպքերը չեն դադարում։ Գեղարքունիքում խնդիրներ են ի հայտ եկել սահմանամերձ հուշարձանների պահպանության հետ կապված։
Քննարկվել է մարզային ծառայության աշխատակիցներին անհրաժեշտ արտահագուստով ապահովելու հարցը։
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ամփոփել է 2023 թ․ առաջին եռամսյակում մարզային ծառայությունների կատարած աշխատանքները, քննարկվել են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցները։
Տնօրենի տեղակալ ՊՄՊ ծառայությունների աշխատանքների գծով Հայկ Դանիելյանը մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել է հետևել հուշարձանների պահպանությանը, կատարվող շրջայցերին, տեղում արձանագրել պեղումներից հետո ստեղծված պատկերը և օպերատիվ կերպով տեղեկացնել ցանկացած խնդրի դեպքում։
Առաջիկայում նախատեսվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի ղեկավար մարմնի շրջայցը մարզեր։