Մաքրվում են Մեծամոր հնավայրի բացառիկ գտածոները

Մաքրվում են Մեծամոր հնավայրի բացառիկ գտածոները

2023-05-10T14:48:50+00:00 10/05/2023|Լրահոս|
Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվում են 2022 թ․ սեպտեմբերին Մեծամոր հնավայրի տարածքից հայտնաբերված ոսկուց, սարդիոնից, սաթից, անագից պատրաստված ուլունքահատիկները, բաժանարարներն ու կախազարդերը:

137 հատ ոսկե ուլունքահատիկ, զարդակոճակներ, մաքրման և նախնական տեսքի բերման փուլում են։

Տիգրան Զաքյան Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի վարիչ
Դամբարանը, որտեղից հայտնաբերվել են իրերը գտնվում էր անխաթար վիճակում։ Մարդկային միջամտության չի ենթարկել, նաև դա է պատճառը, որ բավական հարուստ նյութ ունենք։

 

Մանրադիտակի օգնությամբ Տիգրան Զաքյանը հատ-հատ դարերի փոշուց ու ավազահատիկներից մաքրում է ոսկե գտածոները։ Մաքրում է ամենածանր քաշ ունեցող զսպանակաձև ուլունքահատիկը, որը կշռում է 8,4 գրամ։

Ոսկյա զարդերի մաքրումն ի տարբերություն հնագիտական այլ իրերի, ավելի հեշտ է իրականացվում։ Ոսկին լինելով ազնիվ մետաղ քայքայման (կոռոզիայի) չի ենթարկվում։ Մաքրում ենք հարմարեցված գործիքների միջոցով։ Տվյալ դամբարանից հայտնաբերված մարդաբանական նյութից ոսկորի մեկ բեկոր ուղարկել ենք Գերմանիա ռադիոածխածնային անալիզի։Ստացված արդյունքի համաձայն դամբարանը թվագրվում է երկաթի դարի վաղ շրջանով՝ մ․թ․ա 12-11 դդ։ Մաքրման աշխատանքներից, նախնական տեսքի բերելուց հետո ոսկե զարդերը կգնահատվի ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այնուհետև կհանձնվի «Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի ֆոնդին, որին էլ կհաջորդի ոսկու ցուցադրությունը: