Ճարտարապետության հսկաների Թորոս Թորամանյանի, Ստեփան Մնացականյանի, Վարազդատ Հարությունյանի, Տիրան Մարությանի, Կարո Ղաֆադարյանի, ինչպես նաև Տոկարսկու, Կուզնեցովի Զվարթնոց տաճարի վերակազմության նախագծերը ներկայացվել են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանում «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրի շրջանակում անցկացվեց ցուցահանդես–դասախոսություն՝ «Զվարթնոց» տաճարի վերակազմության նախագծերը» թեմայով։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի մասնագետ Փիրուզա Սահակյանը միջոցառման մասնակցիներին ներկայացրել է «Զվարթնոց» տաճարի ճարտարապետական դետալները, կառուցման առանձնահատկությունները, տարբեր ճարտարապետների կողմից տաճարի վերականգման նախագծերի առաջարկները, ընդհանրությունները և տարբերությունները, կատարված լրացումները։
Միջոցառմանը մասնակցել են Երևանի հումանիտար քոլեջի ուսանողները, Պատանի առաջնորդների դպրոցի սաները Էջմիածնից, դպրոցականներ Արմավիրից:
Մասնակիցները մեծ ոգևորությամբ արտահայտել են, վերականգնման հետ կապված իրենց տեսակետները, պատասխանել են հարցերի: Ճիշտ պատասխան հնչեցրած մասնակիցները ստացել են տաճարի արտանկարները:
Անհատ այցելուները և սփյուռքահայեր նույնպես ակտիվություն են դրսևորել, կարծիքներ փոխանակել:
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում միջոցառումները շարունակվում են, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց – թանգարանը բաց կլինի մինչև ժամը 24:00: