Հաղպատի քարակերտ վկան. Կուսանաց անապատ (Սուրբ Տիրամոր եկեղեցի)

Հաղպատի քարակերտ վկան. Կուսանաց անապատ (Սուրբ Տիրամոր եկեղեցի)

Միջնադարին բնորոշ գեղարվեստական հարդարման տվյալներով աչքի  ընկնող այս վանքը գտնվում է Լոռու մարզում Հաղպատավանքից դեպի արևելք` Սուրբ Լույս (Սբլիս) բլրի լանջին։

Կառուցման կոնկրետ ժամանակը հայտնի չէ, դատելով  ընդհանուր հորինվածքից, համաչափություններից բնորոշվում է միջնադարին:

Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցիով ուղղանկյուն, ներքին լուծմամբ խաչաձև հատակագիծ ունեցող գմբեթավոր փոքր եկեղեցի է: Գմբեթը հենվում է խաչաթևերի միացման անկյունների հետ համատեղված որմնամույթերից ելնող կիսաշրջանագծային կամարների վրա: Սրածայր վեղարով պսակված, բարձր, ութանիստ (ներքուստ` կլոր) թմբուկը հարդարված է անկյունների զույգ որմնասյուներից բարձրացող եռակենտրոն որմնակամարներով:

Մուտքն արևմուտքից է, ունի հարուստ և արտահայտիչ եզրակալ` բարավորի մասում մշակված կիսաշրջանաձև դասավորված շթաքարե ուշագրավ մոտիվով: Պատերը ներքուստ եղել են սվաղված, մնացորդների վրա նկատելի են որմնանկարների հետքեր: Համաձայն մուտքի բարավորի արձանագրությունից՝ եկեղեցին նորոգվել է 1676 թ. Եկուլանց Զալի և իր կնոջ ջանքերով և կրել է Տիրամոր անունը։ 1983 թ. ամբողջությամբ սալապատվել են եկեղեցու կտուրը, աղոթասրահի հատակը, փոխարինվել են պատերի քայքայված երեսաքարերը:

Եկեղեցու հարավային կողմում՝ պատվանդանների վրա, կողք-կողքի շարված են երեք խոշոր, նրբաքանդակ խաչքարեր: Շուրջը տարածվում է միջնադարյան գերեզմանոց: XIX դ. սկզբին պահպանված են եղել անապատի տարածքը շրջափակող կիսավեր պարիսպը, կիսաքանդ ճգնախցեր և ջրագծերի թրծած կավե գունգերի (խողովակների) մնացորդները (ջուրը բերվել է Աղթանց փոս վայրից):