«Մանթաշ» ամրոցը պատկանում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանին. գրավոր հիշատակությունները հիմք են տալիս ենթադրելու, որ կառուցվել է X դ.:
Ամրոցն ունի երկու մուտք, որոնք ունեցել են սալաքարե դռներ:
Ամրոցի և միջնաբերդի տարածքում պահպանվել են բազմաթիվ ուղղանկյուն և կլոր հատակագծով, թրծված աղյուսից քարի հիմքերի վրա կառուցված կացարանների հետքեր: Պահպանված ամենամեծ շինությունը խոշոր քարերով կառուցված ջրավազանն է:
Ամրոցի և միջնաբերդի տարածքում հետախուզական պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր կարասների, խոշոր կճուճների և սափորների բեկորներ: Անոթների մի մասը զարդարված է նախշագոտիներով, ցորենանախշով և տարբեր երկրաչափական գծերով: Մեծ խումբ են կազմում քրեղանների և թասերի բեկորները, որոնց մեջ հանդիպում են նաև ջնարակած անոթներ:
Ամրոցն ունեցել է նաև բաղնիք, որի մասին պահպանվել է մի գեղեցիկ ավանդազրույց:
Ըստ ավանդության` ամրոցը կառուցում է Մանթաշ անունով մի իշխան տիրելու համար «Աղջկա բերդ»-ի իշխանուհուն, որը մերժում էր ամուսնության բոլոր առաջարները, իսկ «Աղջկա բերդ»-ը գրավելու Մանթաշի բոլոր փորձերն ավարտվում են պարտությամբ: Դրանից հետո իշխանը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են, որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության՝ Աղստև գետի ափին կառուցում են բաղնիք, որը հանդիսանում է նրանց ժամադրության վայրը։