Նկարում ոսկորից պատրաստված իլիկի գլուխ է։
Հնագիտական ու պատմական կարևոր նշանակության այս իրը թվագրվում է մ․թ․ա V հազարամյակով և պահվում է Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուում։
Եվʹ աշխարհիկ, ևʹ հոգևոր ընկալումներում, իլիկը մշտապես կապվել է թել մանելու, կտավ գործելու հետ, ինչը կանանց մենաշնորհն էր: Աստիճանաբար այն դարձավ նաև կոնկրետ գործառույթ ունեցող (ճակատագրին, պտղաբերությանը, անդրաշխարհին, հավերժությանը, մահվանն ու վերածննդին, լուսնի փուլերին առնչվող) կին աստվածությունների խոհրդանիշը, քանի որ հին պատկերացումների համաձայն հենց իլիկով էր «փաթաթվում» մարդկային կյանքի խորհրդանշական կծիկը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուներում պահպանվող տարբեր թվագրությամբ իլիկները հնարավորություն են ընձեռում համեմատական հետազոտություններ իրականացնել՝ երևույթը կամ արտեֆակտը համաժամանակյա և տարաժամանկյա մակարդակներում դիտարկելու, դրանց արմատները և փոխակերպումները վերհանելու համար:
Իլիկը, մարդու կենսագործունեության մեջ հնուց անտի հանդիսանալով կարևոր աշխատանքային միջոց, հազարամյակների ընթացքում անխաթար պահպանել է իր արտաքին տեսքն ու օգտագործման եղանակը և մինչև 20 դ. առաջին կեսն արդյունավետ օգտագործվել է կենցաղում: Սակայն, այն մասամբ պահպանելով իր տեղը ժողովրդական որոշ պատկերացումներում, ժամանակի ընթացքում, աստիճանաբար գրեթե կորցրել է ծիսապաշտամունքային երբեմնի դերն ու նշանակությունը և հիմնականում վերածվել պատմամշակութային արժեք ներկայացնող դեկորատիվ առարկայի: