Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վայոց ձորի մարզի Արենի գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Համաձայն արևմտյան դռան վրա պահպանված արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 1321 թ․ Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի և ճարտարապետ Մոմիկի կողմից:

Կառուցվել է դարչնագույն տուֆից։

Ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի:

Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները: Արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա Աստվածածինն է` մանուկ Հիսուսը գրկին:

Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները` հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ:

1840-ի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը: 1967–72-ին նորոգվել են Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու պատերը և ծածկը:

1998-ին վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով` բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով:

Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը` XIV–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

 

Օգտագործած  գրականություն.

  1. Քաջբերունի « Ճանապարհորդական նկատողություններ» 2003թ․
  2. Ս. Բարխուդարյան «Դիվան հայ վիմագրության» 1967թ․