9 – ամյա Հրաչյայի ձեռքին Զվարթնոց տաճարի հին խոյակները նոր կյանք են ստանում, ապրում։
Հրաչյա Տոնոյան- Առաջին անգամ եմ Զվարթնոց եկել ու ինձ համար սա շատ հետաքրքիր ա, որ իմ ձեռքով հենց խոյակ եմ պատրաստում։
«Զվարթնոց» տաճարի ճարտարապետական բեկորների գունազարդում, կավից՝ տաճարի սյունների պատրաստում, պատմամշակութային հուշարձանի փազլ տարբերակով վերականգնելու հնարավորություն․ սեղանի շուրջ աուտիզմ ունեցող երեխաներ են։
Սուսաննա Ավագյան «Իմ ուղին» կենտրոնի արտ թերապիստ
Առաջին անգամ ենք մասնակցում նման կրթական ծրագրի։ Երեխաները մեզ մոտ միշտ նկարում են, ներկում, կավագործությամբ զբաղվում, սակայն պատմամշակութային հուշարձանի տարածքում սա առաջին փորձն է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Աուտիզմ ազգային հիմնադրամի»-ի «Իմ ուղին» կենտրոնի գործակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Հուշարձանն իմ ձեռքերում է» կրթական ծրագիրը։
Դիանա Սարգսյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի մասնագետ
Այս ծրագրի նպատակն է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին ինտեգրել հասարակությանը, ներգրավել թիմային աշխատանքներում, զարգացնել երեխաների մոտորիկան՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ։
Կրթական ծրագրից հետո այնուհետև շրջայց և ծանոթություն էր Զվարթնոց տաճարի, թանգարանի հետ։
Սուսաննա Ավագյան «Իմ ուղին» կենտրոնի արտ թերապիստ
Երեխաները հաճույքով աշխատեցին, մեծ ոգևորությամբ ծանոթացան տաճարի պատմությանը, հնագիտական նյութին։ Պետք է ասեմ, որ իսկապես հաջողված ծրագիր է, ցանկանում եմ, որ նման ծրագրերը շարունակական լինեն։
Կրթական այս ծրագրերը առաջիկայում կշարունակվեն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոցներում, արգելոց-թանգարաններում ևս։ Իսկ մինչև այդ «Հուշարձանն իմ ձեռքերում է» կրթական ծրագրի ավարտին համատեղ լուսանկար է։