«Հոռոմ» քաղաքատեղի, Գյումրիի «Վառեմ-մարեմ», Գուսանագյուղի ամրոց․ Ստուգայց Շիրակի մարզում

«Հոռոմ» քաղաքատեղի, Գյումրիի «Վառեմ-մարեմ», Գուսանագյուղի ամրոց․ Ստուգայց Շիրակի մարզում

2023-08-07T12:31:11+00:00 07/08/2023|Լրահոս, Հրապարակումներ|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները համատեղ մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի մի շարք վտանգված և խնդրահարույց հուշարձանների տարածքներում:

Ուսումնասիրվել է՝ Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը, Անիպեմզայի Երերույք գյուղատեղիի Տաճար Երերույք (Սբ. Կարապետ), Ջրամբար /5-րդ դար/ հուշահամալիրները,  Ջրափիի հուշարձանների համալիրի տարածքը, 7-րդ և 19-րդ դարի եկեղեցիները,  Ջրափիի  քարավանատունը, որը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։

1970-ական թթ․ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով քարավանատունը Ներքին Ջրափի գյուղից տեղափոխվել և նույնությամբ վերականգնվել է նոր վայրում։

Ջրափիից հետո շրջայցը շարունակվում է Բարձրաշենում, ուսումնասիրվում է  Ս. Աստվածածին /7-րդ դ/ և Ս. Պողոս-Պետրոս /10-12-րդ դ/ եկեղեցիները,  հաջորդիվ՝  10-12-րդ դդ․ թվագրվող Գուսանագյուղի միջնադարյան ամրոցը։

Մշտադիտարկման աշխատանքները շարունակվում է վաղ միջնադարյան (մ․թա․ 3-2 հազ) Հոռոմ Քաղաքատեղիի տարածքում։

«Հոռոմ» քաղաքատեղին Շիրակի հնագույն բնակավայրերից է: Մ․թ․ա. 3-2 հազարամյակի ամրոցը գտնվում է Հոռոմ գյուղի հյուսիս-արևելյան կողմում, որի շրջակայքում հայտնաբերվել է հիշյալ պատմական ժամանակաշրջանին վերագրվող դամբարանադաշտ: Ինչպես  բնութագրում է ճարտարապետ Թ. Թորամանյանը ․ «նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է, թե՛ իր մեծությամբ, թե՛ բովանդակությամբ, … և անկարելի է առանց ապշության դիտել, թե ինչպիսի մարդկային արտակարգ ուժ և միջոցներ են ի գործ դրել պարսպաքարերը միմյանց վրա բարձրացնելու համար»:

Ստուգայցի վերջին  կանգառը  Կրասարի կամուրջն էր։

Համանուն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք Ախուրյան գետի վտակներից մեկի վրա է գտնվում սև և կարմիր տուֆ քարերով կառուցված Կրասարի եռաթռիչք կամուրջը: Կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին: Խորհրդային տարիներին, կամրջի ամրությունը հաշվի չառնելով նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ է անցկացվել, որը և պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի պատերի փլուզմանը:

Ընթացքի մեջ են  կամրջի վերականգնման նախագծի լրամշակման աշխատանքները:

Հորդորում ենք պահպանել հուշարձանների տարածքների մաքրությունը, մոմեր չամրացնել եկեղեցիների պատերին, խաչքարերին: