Պարզաբանում

Պարզաբանում

2023-08-22T13:04:08+00:00 22/08/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Mamul.am  լրատվական կայքում «Ինչու են Ամբերդի տոմսերը թանկացել Հայաստանի քաղաքացիների համար» հրապարակման  մեջ  https://mamul.am/am/news/273430   տեղ են գտել իրականությանը  չհամապատասխանող  մի շարք պնդումներ։

Ի պատասխան հրապարակմանը տեղեկացնում ենք, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի N 492-Ա/2 հրամանի  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները ենթարկվել են փոփոխության։

Տոմսերի սակագների փոփոխություններից զատ սահմանվել են մի շարք արտոնություններ։

Թանգարանների մշտական ցուցադրությանը կարգավիճակը հաստատող փաստաթղթի   առկայության դեպքում անվճար կարող են այցելել․

Մինչև 12 տարեկան երեխաներ, Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, թանգարանների միջազգային խորհրդի անդամներ (ԻԿՕՄ),  թանգարանային աշխատողներ, երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ, հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ (ՀՀ և նախկին  ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամություն ունեցող՝ 1-ին խմբի (ուղեկցողի հետ), հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի (առանց ուղեկցողի), աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներ, բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաներ, ժամկետային զինծառայողներ, ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաներ (նախօրոք  ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողներ՝ աշխատանքային բոլոր օրերին (անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում)։

Գործում է  զեղչային համակարգ տոմսի գինը 50 տոկոս զեղչվում է 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների, փախստականների համար, ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար։

Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք չհիմնավորված  և իրականությանը չհամապաստասխանող տեղեկություններ, որում  նշվում  է․ «Հայաստանի քաղաքացին այլևս վճարում է նույն գումարն ինչ օտարերկրացին։ ․․․ Չկան  անվճար օրեր, չկան եկեղեցի այցելող հավատացյալների համար ազատ ելք ու մուտք, բացառությամբ հատուկ օր ու ժամերի»։

Ի գիտություն հոդվածագրի տեղեկացնում ենք, որ ՀՀ բոլոր այն  քաղաքացիները, ովքեր ցանկանում են վայելել Ամբերդի չքնաղ բնությունն ու պատմամշակութային ժառանգությունը վերոնշյալ արտոնություններից բացի անվճար կարող են այցելել արգելոց ամեն ամսվա վերջին շաբաթ օրը (ՀՀ   քաղաքացիների  համար  յուրաքանչյուր  ամսվա  վերջին  շաբաթ  օրը  արգելոց-թանգարանների մուտքն ազատ է), ինչի  մասին պարբերաբար տեղեկացվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջերով https://hushardzan.am/https://monuments.am/, ինչպես նաև  https://www.facebook.com/armmonuments  էջով։

Սրճարանը, որի մասին նշվում է նյութում գտնվում է «Ամբերդ» ամրոց պատմամշակութային արգելոցի պահպանական գոտու տարածքից դուրս։

Թանգարանային և հուշարձանների կառավարման միջազգային փորձը փաստում է, որ հասույթի զգալի մասը  գոյանում  է տոմսերի և հուշանվերների վաճառքից։ Հարկ ենք համարում  նշել  նաև, որ տոմսային տնտեսությամբ գործող արգելոցների, արգելոց-թանգարանների հասույթը օգտագործվում է  ենթակառուցվածքների զարգացման համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է չճշտված տեղեկատվություն չհրապարակել, հարցերի դեպքում գրել [email protected] պաշտոնական էլ․ հասցեին կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով (10) 58-74-25, (10) 54-55-70։