Զվարթնոց տաճարի լռությունը խախտվել էր ծափ-ծիծաղով, ազգային երգ ու պարով , խաղերով՝ իր հարկի տակ համախմբելով տարբեր տարիքի երեխանների, մեծահասակների այդ թվում մանկատան սաների, տուն -ինտերնատի բնակիչների։
«Կենսունակ ժառանգություն» խորագիրը կրող միջոցառումներն ամփոփվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Արի խաղանք ավանդական խաղեր» մասնակցային խաղ-փառատոնով։
Արտավադ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Եվրոպական ժառանգության օրերն այս տարի «Կենսունակ ժառանգություն» խորագիրն էր կրում, որի շրջանակում իրականացրել ենք տարբեր միջոցառումներ, շեշտը դնելով եզրափակիչ միջոցառման վրա։ Հագեցած ծրագիր էր խաղացել ենք չլիկ դաստա, հոլ, նետաձգություն, քար կտիկ խաղեր, որոնք ավանդաբար խաղացվել են։
Փառատոնն իր շուրջն էր համախմբել ազգային փոքրամասնությունների եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր, այստեղ էին նաև հայկական «Վարք հայոց», «Մասունք» ավանդական երգի-պարի խմբերը, «Բունիկ» մշակութային կենտրոնը, «Փալանչու» թատերախումբը, որոնք ներկայացրել են ազգային խաղերը, դրանց առանձնահատկությունները։
Միջոցառման ակտիվությունն ապահովում էր «Բունիկ» մշակութային կենտրոնը մասնակիցները խաղացել են կենտրոնի կողմից ներկայացված հայկական խաղերը՝ հոլ, ռեզին, քշու:
Երեխաների ուշադրությունը գրավել էր «Փալանչու» թատերախմբի տաղավարը: Ներկայացված էին տիկնիկներ, իսկ փոքրիկ հանդիսատեսին սպասվում էր անակնկալ՝ «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը:
Փառատոնին ներկայացվել են ազգային խաղեր, որոնք առաջին անգամ մշակվել են հենց այս միջոցառման համար։
Հայարփի Անանյան «Մասունք» ավանդական երգի-պարի խմբի համաղեկավար
Խաղացինք ավանդական խաղեր, որոնք «Մասունքը» ժամանակ առ ժամանակ կիրառել է։ Բդոյանից մշակել ենք 4-5 խաղ, որոնք առաջին անգամ փորձարկվեցին այստեղ, դրանք պատրաստվել էին հենց այս միջոցառման համար։
Ազգային փոքրամասնություններն իրենց հատկացված տաղավարներում ներկայացրել են ազգային մշակույթի տարրեր, համայնքի համար նշանակալից գրքեր, ամսագրեր։
Խդր Հաջոյան Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ
Տաղավարում ներկայացվել են եզդիական համայնքի դասագրքերը, պետք է նշեմ, որ եզդիական համայնքը միակն է , որն ունի սեփական մայրենի լեզվով դասագրքեր։
Բերել ենք մեր երաժշտական գործիքներից, սեղանի վրա դրված է ազգային հերոս Քյարամ Սլոյանի լուսանկարը, որը ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերել է հերոսական վարք։
Եզդիական համայնքը ապրում է Հայաստանում պահպանելով ազգային բոլոր ավանդույթները։
Մասնակիցները ավանդական խաղերից, տարբեր համայնքի ազգային ու մշակութային գործունեությանը ծանոթանալուց զատ հնարավորություն են ունեցել լուսանկարվելու Apache Cosplay Studio –ի ազգային տարազներով, իսկ «Union Forte» կամավորական կազմակերպությունը աջակցել է միջոցառման անցկացմանը:
Եվրոպական ժառանգության օրերի փակման միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ նախարարը, փոխնախարարը, եվրոպական մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հետևել են խաղերին, շրջել տաղավարներում։
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է դրանց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ, դրական է գնահատել Եվրոպական ժառանգության օրերին ազգային ավանդական խաղերի անցկացումը։
Կարևորելով ազգային խաղերը հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու փաստը՝ նախարարը առանձին նմանատիպ փառատոնների կազմակերպումն անհրաժեշտություն է համարել։
Փառատոնն ամփոփվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Խաղ» ներկայացմամբ։