Մեկ հպում և ճարտարապետական հուշարձանի մասին ամբողջական ինֆորմացիան ձեր էկրանին է:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գործակցությամբ օգոստոսի 30-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը» խորագրով ցուցադրություն:
Նորատուսի խաչքարեր, «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոցները և արգելոց-թանգարանները, ճարտարապետական հուշարձանները տասներկու ցուցապաստառի միջոցով ցուցադրվել է մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում։
Նպատակն է մետրոպոլիտենից օգտվող հազարավոր հայ և օտարերկրացի քաղաքացիների շրջանում իրազեկել Հայաստանի պատմամշակութային հուշարձանները։
Այցելուները կարող են QR կոդի միջոցով մանրամասն տեղեկատվություն ստանալ հուշարձանների մասին` այցելելով հուշարձանների պահպանության ծառայության monuments.am պաշտոնական կայք էջ։
Միջոցառման ընթացքում և ոչ միայն, ամեն օր Երիտասարդական կայարանում լեդ էկրանի վրա ցուցադրվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տեսահոլովակը:
Այս ցուցադրությունը երկրորդն է Երևանի մետրոպոլիտենի հետ գործակցության շրջանակում. օգոստոսի 2-ին մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվել էր «Մեծամորի գաղտնիքը» խորագրով ցուցադրություն:
«Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը գործակցության շրջանակում մետրոպոլիտենի աշխատակիցներին տրամադրել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելության հրավիրատոմսեր։