Հայկական միջնադարյան այս գերեզմանոցում պահպանվել են տասնյակ հարթ և անմշակ տապանաքարեր, արձանագիր մեկ խաչքար։ Գերեզմանոցի եզրին կան պարսպապատի մնացորդներ, մակերևույթին առկա են անտիկ և միջնադարյան խեցեղենի բեկորներ։
Ջիլ–Արտանիշ ճանապարհի աջ կողմում է գտնվում ուշ բրոնզ–վաղ երկաթեդարյան Դաշտալեռ կիկլոպյան ամրոցը՝ երկու շարք պարիսպներով և կացարանների ավերակներով (մոտ Ք․ա․ 1500–900 թթ․)։ Ամրոցը վերահսկել է Սևանա լճի արևելյան ափով անցնող հնագույն ճանապարհը, որի մի հատվածը պահպանվել է ամրոցից 1 կմ դեպի հյուսիս–արևմուտք։
Գյուղի հյուսիսային եզրին է գտնվում միանավ դահլիճ հորինվածքով եկեղեցին (մոտ XVI-XVII դդ․) և կից գավիթը։ Կառուցված է սպիտակավուն անմշակ կրաքարով, ներքուստ պատված է սպիտակ սվաղով։ Շրջակայքում կան կոտրված խաչքարեր ու տապանաքարեր։
1988-89 թթ․ Խորհրդային Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խաչակապ գյուղի բնակիչները իրենց հետ Ջիլ են տեղափոխել 1606 թ․ արձանագիր մի խաչքար և «Թարգմանչաց» վանքի խաչը։ Վանքի անվանումն ավանդաբար կապվում է Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ։
Այժմ խաչքարն ու վանքի խաչը տեղադրված են գյուղ տանող ճանապարհի աջ հատվածում՝ «Խաչի ծառ» կոչվող վայրում։