«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրված է դարչնագույն ջնարակով նկարազարդված այս քրեղանը։
XI-XII դդ. թվագրվող առարկան կենտրոնում ունի շրջանակի մեջ ներառած չորս պարուրաձև վերջավորությամբ զարդեր:
Դրանց միջև չորս նշաձև զարդեր են, որոնք լցված են կրկնակի շրջաններով և եռանկյունաձև նախշերով:
Նշաձև զարդերի միջև ընկած տարածությունը ևս զարդարված է:
Զարդաձևերն արված են դարչնագույնի, ցորենագույնի և դեղինի գեղեցիկ համադրմամբ, ինչը խոսում է միջնադարյան վարպետի գեղագիտական ճաշակի մասին: