Խոր ցավով հայտնում ենք, որ մահացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարական աշխատանքների գծով փորձագետ Բաբկեն Իգիթյանը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը վշտակցում է Իգիթյան ընտանիքի անդամներին, մտերիմներին, գործընկերներին։
Բաբկեն Իգիթյանը ծնվել է 1950 թվականի հունիսի 15-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։
1969 թ․-ին ընդունվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինտիտուտը, ստացել շինարար-ինժեների որակավորում։
Մասնագիտական գիտելիքները գործի է դրել 1975-1978 թթ․ Ախուրյանի թիվ 4 տրեստի Արթիկի Շ․Մ․Շ․ 51-ում ՝ որպես ավագ աշխատանքի ղեկավար։
1978-1980 թվականներին վերոնշյալ շինարարական կազմակերպությունում աշխատել է որպես գլխավոր ինժեներ։
1990-1995 թթ․ եղել է «Արթիկշին» ՀՊՁ թիվ 1 ՇՄՇ-ի պետ, որի ընթացքում կառուցվել է «Լմբատ» բնակելի թաղամասը։
1999-2002 թթ․ գլխավորել է «Էվերեստ Հոլդինգ» ՍՊԸ-ի ճարտարապետական աշխատանքները։ 2002 թ․-ին հիմնադրել է «ՀԻԴՐՈԻԶՈԼ» ՍՊԸ-ն։
Իգիթյանի հարուստ աշխատանքային կենսագրությունը, այսքանով չի սահմանափակվում, բազմաթիվ են այն կազմակերպությունները, որոնց շինարարական աշխատանքները ղեկավարել է անվանի շինարար-ինժեները։
2022 թ․ աշխատանքի է անցել ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում որպես շինարարական աշխատանքների գծով փորձագետ։ Իր հետ բերելով բազմամյա փորձն ու վաստակը՝ Բաբկեն Իգիթյանը նոր կյանք է տվել պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների, որոնցից վերջինը՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանն էր։
Բաբկեն Իգիթյանը կյանքի վերջին օրն անգամ աշխատանքի էր՝ իրեն հատուկ կենսախնդությամբ, աշխատասիրությամբ ու բծախնդրությամբ։
Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին «Զոլեր» սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան փողոց 25/3, ժամը 17:30-20:00։
Վերջին հրաժեշտը նոյեմբերի 23-ին, ժամը 13։00 «Զոլեր» սգո սրահից։