Պահպանել՝ ընտանիքով

Պահպանել՝ ընտանիքով

Ս. Հռիփսիմե եկեղեցին (VII դ.) է, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի կենտրոնում՝ հյուսիսային, հարավային և արևելյան կողմերից  շրջապատված բնակելի տներով։

Հենց այդ բնակելի տներից մեկում էլ անցել է Զինա Ղարիբյանի մանկությունն ու պատանեկությունը։ Մեծանալով պատմական կարևոր նշանակության հուշարձանի կողքին տիկին Զինան չէր էլ մտածում, որ կյանքի 19 տարիները հետագայում նվիրելու է հուշարձանների պահպանությանը։

Զինա Ղարիբյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան

Իմ պահպանության տակ 192 հուշարձան կա՝ դամբարանադաշտեր, վանքեր, խաչքարեր։ Անմնացորդ նվիրումով, սիրով վերաբերում եմ բոլոր  հուշարձաններին, բայց ինձ հոգեհարազատը  մնում է  Լճաշենի Ս. Հռիփսիմեն։

Ամռանը՝ զով, տարվա մնացյալ հատվածը ցուրտ բնակլիմայական պայմաններով աչքի ընկնող Գեղարքունիքի մարզի մեր հուշարձանի պահապանը մասնագիտությամբ հաշվապահ է։ ԽՍՀՄ շրջանում  սովետական տնտեսությունում  /совхоз/ ֆինանսն էր հաշվում, իսկ այսօր Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Սևանի տարածաշրջանի հուշարձաններն է հաշվում, տարածնքերով  շրջում և արձանագրում  պահպանական վիճակը՝ անկախ եղանակային պայմաններից։

Զինա Ղարիբյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան

Միշտ եմ հուշաձանասեր եղել, բայց աշխատելով ավելի եմ նվիրվել հիմա  խաչքարերին նայում եմ կարծես անձնավորված՝ ասես  հարազատ լինեն։

Յոթը թոռնիկով սեղան նստող տիկին Զինան շրջայցերի միշտ ամուսնու հետ է գնում, հաճախ թոռնիկներին էլ են տանում։

Զինա Ղարիբյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան

Բախտս բերել է ամուսինս այնքան է սիրում իմ աշխատանքը, որ  երբևէ քննարկման չի դրվել աշխատավարձի շատ կամ քիչ լինելը, դժվարությունները։ Լինում է բարդ հատվածներում քայլելիս հոգնում եմ նստում, շունչ քաշում, բայց ամուսինս  այդ ընթացքում անհամբերությամբ առաջ է գնում ուսումնասիրում,  թե ինչ վիճակում է հուշարձանը։

Աշխատանքային 19 տարիները մեկ ակնթարթի պես են անցել, հիշել որևէ ուշագրավ դեպք, պատմություն դժվարանում է։

Զինա Ղարիբյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզի հուշարձանների պահապան

Այս պահին առանձնահատուկ պատմություն չեմ կարող հիշել քրոջս, եղբորս կորուստը կարծես բթացրել է  ամեն ինչ։ Հիմա շրջայցերի գնալով եմ փոքր-ինչ կյանք առնում, մեր պատմության քարեղեն վկաների հետ «շփումը»   դարձել է իմ կյանքի լուսավոր կետերից մեկը։

 

 

Տիկին Զինայի կյանքի այս շրջափուլի լուսավոր կետերից մեկն է նաև փորձը թոռնիկներին փոխանցելը, թեև փոքր են, բայց արդեն գիտեն պատմության և հուշարձանի կարևորությունը, նրանք էլ են պահում,  որ ժառանգեն։