Օհանավանի  ժայռափոր եկեղեցի Սուրբ Աստվածածին կամ «Կարմիր վանքեր»

Օհանավանի  ժայռափոր եկեղեցի Սուրբ Աստվածածին կամ «Կարմիր վանքեր»

Օհանավանի քարանձավային համալիրը, որը տեղացիները «Կարմիր վանքեր» են անվանում, գտնվում է  ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից շուրջ 2 կմ հյուսիս, Քասաղի կիրճում, գետի ձախ տուֆային շերտում։ Այն թեև վարչականորեն Օհանավանի տարածքում է, սակայն մոտ գտնվելով Սաղմոսավանքին, 12-րդ դարում այստեղ գրված ձեռագիր հիշատակարանում այդպես էլ նշվել է. «յԱնապատ քարանձաւի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»։

 

Ըստ վերոհիշյալ հիշատակարանի, համալիրը 12-րդ դարի վերջում հիմնադրել և նրա առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը։ Նա նախապես գործել է Սաղմոսավանքում և եղել է նրա նշանավոր գործիչներից։

Քարանձավային համալիրը ունեցել է հարմար պաշտպանական դիրք եւ գտնվել է Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանք տանող ձորամիջյան ճանապարհի եզրին։ Միջնադարում այն հավանաբար եղել է նաև իջևանատուն։

Համալիրը երկհարկանի ժայռափոր կառուցվածք է, որտեղ ստորին հարկը փորված է ամբողջապես տուֆային շերտում, իսկ վերին հարկում կա նաև բազալտային խառնաքար։ Այն իր կառուցողական առանձնահատկությամբ նմանվում է Խնձորեսկի ժայռափոր կառույցներին և Հայաստանում ուշագրավ օրինակներից մեկն է։

Առաջին հարկում հիմնականում եղել են բնակարաններ և տնտեսական շինություններ, իսկ երկրորդը՝ պաշտպանական դեր է կատարել։

Առաջին հարկի աջ կողմում փոքրիկ խուց է, նրանից ձախ՝ գմբեթաձև առաստաղով սենյակ, որն ունի երկու ծխապատ խորշեր և միացած է հաջորդ սենյակի՝ թոնրատան հետ։ Պահպանվել են երկու մեծ ու փոքր թոնիրները։ Պատերի մեջ կան կենցաղային խորշեր։

Հաջորդ կառույցը փոքրիկ ժայռափոր եկեղեցին է։ Սիմեոն Երևանցին, 18-րդ դարում «Ջամբռում» հիշատակելով Սաղմոսավանքին պատկանող ուխտատեղիները, նշել է. «Երրորդն է ի մէջ ձորոյն ի ներքոյ Սերկեւիլ գեղջն յանուն Աստուածածնի վիմափոր մատուռ մի»։

Սբ Աստվածածնի մուտքը արևմուտքից է ուղղանկյան տեսքով և մակերևույթից ունի փոքր բարձրություն։ Նրա վերջին մասում բացված է անցք՝ սրահը լուսավորելու համար։ Արևելյան կողմում խորանն է՝ բեմահարթակով, որը սրահին միանում է երկկողմ աստիճաններով։ Սրահում ուղղանկյուն է, գմբեթարդով։

Եկեղեցու պատերն ու առաստաղը մշակված են, պատած ծեփով, որոնց վրա նշմարվում են կարմիր ներկով արված երկրաչափական պատկերներ և հայերեն արձանագրության հետքեր։ Պատերին կան նաև 13-րդ դարին բնորոշ փորագիր խաչեր։ Քարանձավը ուսումնասիրողներից՝ Սարգսյանը նշել է, որ «այդ կարմիր որմնանկարներից էլ ծագել է Կարմիր վանք անվանումը»։

Սբ Աստվածածնի ձախ մասում շտեմարանն է՝ մեծ ու փոքր հորերով։ Այն միաժամանակ եղել է նաև բնակելի կացարան։ Այդ են վկայում ճրագի ծխից սևացած պատերն ու անկողին տեղավորելու խորշերը։

Առաջին հարկի վերջին սենյակը գմբեթաձև առաստաղով կլոր դահլիճ է, որը հավանաբար նույնպես ծառայել է որպես բնակելի կացարան։ Այն ունի երեք մեծ խորշեր։ Բոլոր սենյակների պատերը խնամքով տաշված ու հղկված են։

Երկրորդ հարկը բաղկացած է երեք առանձին հատվածներից, որոնց մեջ կարող է պատսպարվել շուրջ 200 մարդ։

«Կարմիր վանքեր» քարանձավային համալիրը առաջին անգամ ուսումնասիրել է Խաչիկ Դադյանը 20-րդ դարի սկզբներին, իսկ 1979թ. մի խումբ քարանձավագետներ (Է.Սարգսյան, Մ.Սարգսյան, Դ.Հակոբյան եւ Լ.Խաչատրյան) այն չափագրել են։

 

 

 

 

 

Նյութի աղբյուրը՝

Արմեն Ասատրյան «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»։