Լուսանկարում Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցին է։
Ներկայիս տեսքով վերականգնվել է ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով։ Վերականգնման աշխատանքներն ընթացել են խորհրդային տարիներին՝ 1975-1977 թթ․։ Պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված ու պահպանված բեկորների, տվյալների հիման վրա հաջողվել է եկեղեցին ամբողջովին վերականգնել։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում են Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու նախնական տեսքը, վերականգնման ընթացքը վավերագրող կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ լուսանկարներ, սևանկարներ, նախագիծ-նախահաշիվներ։
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղից շուրջ 400 մ դեպի հյուսիս-արևելք, համանուն գետի ձախ կողմում՝ բլրալանջին, հայ-ադրբեջանական սահմանագծին։
Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն կառուցվածքային և ճարտարապետական առանձնահատկությունները վկայում են VII դ․ կառուցված լինելու մասին։
Սբ Աստվածածին եկեղեցին «մաստարայատիպ» ճարտարապետական տիպի եկեղեցիներին է պատկանում՝ լինելով կենտրոնագմբեթ, ներքուստ և արտաքուստ խաչաձև հորինվածքով կառույց։ Եկեղեցու գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթին իրականացված է տրոմպների միջոցով, ինչը հատուկ է VII դ․ առաջին կեսի հուշարձաններին։ Իսկ արտաքին հարդարանքում կիրառված զուսպ արտահայտչամիջոցները, այդ թվում՝ զույգ սյուներին հենվող կամարներով ու ճակտոնով պսակված հարավային և արևմտյան շքամուտքերը, լուսամուտները պսակող քանդակազարդ կամարունքերը, շեղանկյուն ու քանդակազարդ քիվերը և թմբուկի նիստերի որմնակամարները՝ հենված անկյունների զույգ որմնասյուների վրա, վկայում են դրանց՝ VII դ․ երկրորդ կեսի հայկական ճարտարապետության գեղարվեստական միջոցների շարքին պատկանելության մասին։
Մաստարայատիպ մնացած բոլոր եկեղեցիները պատմական Շիրակի սահմաններում են (Մաստարայի Սբ Հովհաննես, Հառիճավանքի Սբ Գրիգոր, Արթիկի Սբ Գևորգ, Կարսի Առաքելոց եկեղեցիներ), մինչդեռ Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցին գտնվում է պատմական Գուգարք նահանգի Կողբափոր գավառում։
Ի տարբերություն հիշատակված մաստարայատիպ եկեղեցիների, Սբ Աստվածածին եկեղեցու խաչաթևերից երեքը (բացի արևելյանից), արտաքինից ոչ թե հնգանիստ են, այլ ուղղանկյուն, թերևս, վեր հանելով ճարտարապետական ինքնատիպություն:
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական մշտադիտարկման արդյունքում պարզել են, որ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված են, ծածկասալերը՝ մաշված և վնասված, մթնոլորտային տեղումների արդյունքում առաջացած խոնավությունը ներթափանցում է եկեղեցի։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով կիրականացվեն եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ։