ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋ (XIII Դ.)

ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋ (XIII Դ.)

Ագարակաձորի կամուրջն է, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Կամուրջը հայտնի է նաև մի քանի այլ՝ «Սուր կամուրջ», «Դադալի կամ Դադալուի կամուրջ» անուններով։

 

Միակամար է, կրաշաղախ, սրբատաշ, բաց գույնի քարով շարված: Կամուրջի կամարը շարված է ատամնաձև սեպաքարերով: «Կամարի կառուցման այսպիսի եղանակը,- գրում է ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը,- հայտնի է միջնադարյան Հայաստանի ճարտարապետության մեջ»:

Կամրջի վրա գրավոր վկայություններ չեն պահպանվել: Այն գործել է մինչև 1970-ական թվականները, որն իր հուսալիությամբ անցանելի է եղել բեռնատար ավտոմեքենաների համար: Ժամանակի ընթացքում սելավներից կամրջի կամարի կրող հիմքի քարերը խարխլվել են, և միայն 1985-86 թթ. Աշոտ Խալաթյանի գլխավորությամբ իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում  է հնարավոր եղել պահպանել կամրջի ներկայիս տեսքը, պայմանով, որ այն այլևս նախատեսված չէր լինելու տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:

2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության մեջ են դրվել 3 նամականիշ՝ նվիրված Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թեմային։ Նամականիշների վրա պատկերված են վերականգման ենթակա 3 պատմամշակութային հուշարձան՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը, Մարմաշենի վանքը և Վայոց ձորի մարզում գտնվող Ագարակաձորի կամուրջը։

Նպատակն է նպաստել առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը: