Սուրբ  Հովհաննես վանական համալիր (VIII-XIX դ․)

Սուրբ  Հովհաննես վանական համալիր (VIII-XIX դ․)

Սուրբ Հովհաննես վանական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։

Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանքը, որը  հիշատակվում է նաև Սրբանես  անունով,  կառուցվել է VIII- XIX դդ․։

Վանքի անվանումը հայ մատենագրության և բանահյուսության մեջ կապվում է Հայոց  կաթողիկոս Հովհաննես Օձնեցու հետ  (Հովհաննես Իմաստասեր 717-728 թթ․)։

Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, քառակող կոթողից, խաչքարերից, կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներից։

Սրբանեսի վանքը շրջապատված է անկանոն՝ ոչ բարձր պարսպապատով։

Եկեղեցիները միանավ թաղակապ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը։

Հարավային դահլիճի հատակը պատած է տապանաքարերով։ Եկեղեցիների կառուցման համար օգտագործվել են ճեղքված անդեզիտի ոչ խոշոր անկանոն կտորներ։ Միայն արևելյան պատի ստորին երեք շարքերը խոշորաչափ սրբատաշ քարերով են։

Երկու եկեղեցիների հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները միաժամանակ չեն կառուցվել։ Հյուսիսային եկեղեցու սկզբնական հորինվածքը, որից պահպանվել են արևելյան պատի ստորին շարքերը և հարավային մուտքի մի մասը, վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը։ Հավանաբար այն վերակառուցվել է վանքի մյուս շինությունների կառուցման ժամանակ (ենթադրաբար XVII դարում)։

Զանգակատունը կառուցվել է XVII դարում վանքի հարավային մասում։ Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով։

Արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։

 

XIX դարում վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902 թ.` Մելիքսեթ Քալանթարյանը։

Վանական համալիրը վերանորոգվել է նաև 2018 թ.: