«ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ԵՒ «ԱՆԻԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ /ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ/ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ » ՊՐԱԿՆԵՐՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ ԵՆ

«ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ» ԵՒ «ԱՆԻԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ /ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ/ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ » ՊՐԱԿՆԵՐՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ ԵՆ

2013-06-17T16:05:37+00:00 17/06/2013|Լրահոս|

ՀՀ Ճարտարապետների միությունում կայացել է «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» եւ ավելի վաղ լույս տեսած «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակների շնորհանդեսը: Պրակները հրատարակվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ընթերցողի դատին հանձնված եզակի ձեռնարկներում ներկայացվել են հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր, անվանի ճարտարապետ Թ. Թորամանյանի 20-րդ դարի սկզբին կատարած աշխատանքները: Նրա համոզմամբ` պրակներում ներկայացված բավական արժեքավոր նյութերն ընթերցողն ըստ արժանավույն կգնահատի: Ի դեպ, գծագրական նյութերի մեծ մասը տպագրվում է առաջին անգամ:
Շնորհանդեսին ներկա` ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, ճարտարապետ, պրակների գիտական խմբագիր Մուրադ Հասրաթյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը արժեւորեցին ձեռնարկների հրատարակումը, նշելով, որ դրանք լուրջ եւ կարեւոր նյութեր են ճարտարապետությունն ուսումնասիրողների համար: Բանախոսները համոզված են, որ Թորամանյանի հսկայական արխիվի տպագրությունը կնպաստի դրա հանրահռչակմանն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ պրակներում ներկայացված հուշարձանների պահպանությանը: Շեշտվեց այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ը, հուշարձանների պահպանությունից բացի, նաեւ գիտահետազոտական լուրջ աշխատանքներ է կատարում:

Թ. Թորամանյանի արխիվը պահվում է ՊՈԱԿ-ի ֆոնդերում: Դա նշանակում է, որ պրակների հեղինակները կշարունակեն ուսումնասիրել դա ու ընթերցողներին նոր ձեռնարկներ ներկայացնել: Ճարտարապետի արխիվը գնել եւ 1999 թ. ՊՈԱԿ-ին է նվիրաբերել եկեղեցական եւ մշակութային գործիչ, երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը:

Նշենք, որ «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում ներկայացվել են Թ. Թորամանյանի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր /Ապուղամրենց/ եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում:

«Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը» պրակում ներկայացված են Թորամանյանի կատարած` Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցու, կից կառուցված սյունասրահի եւ մատուռի չափագրություններն ու լուսանկարները: Մինչ այժմ Թ. Թորամանյանի կատարած չափագրություններից միայն համալիրի հատակագիծն է ներկայացվել մասնագիտական գրականության մեջ, մյուսները /ճակատներ, կտրվածքներ, ճարտարապետական մանրամասեր/ տպագրվում են առաջին անգամ: Պրակներում տեղ են գտել նաեւ Ս. Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի կողմից արված որոշ լուսանկարներ: Պրակները կազմել են ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ս.Առաքելյանը, ֆոնդերի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանը ու ճարտարապետ Գ. Ղաֆադարյանը: Ի դեպ, Գ. Հովհաննսիյանը եւ Գ. Ղաֆադարյանը ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից դրամական պարգեւի արժանացան:

Շնորհանդեսին մասնակցեցին հանրային, մշակութային եւ այլ անվանի գործիչներ:
2014 թ. լրանում է Թ. Թորամանյանի ծննդյան 150-ամյակը եւ ՊՈԱԿ-ը նախատեսում է Թորամանյանի գործունեությանը նվիրված գիտաժողով անցկացնել: