Երկու օր շարունակ Դիլիջանը արվեստի ու արհեստի շնչով էր լցված։ Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ արհեստագործ վարպետներ հուլիսի 20-21-ը քաղաքային այգում ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքներն ու մտքի թռիչքը՝ փայտից ու մետաղից պատրաստված իրեր, գորգեր, կարպետներ ու ոչ միայն։
Յուրահատուկ տաղավարների շարքում իր առանձնահատուկ տեղն էր զբաղեցնում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ նոր կրթական ծրագրով․ Քաղաքային այգում միջնադարյան ասպետի հանդերձանքով շրջող երեխաները ակամայից կրթական ծրագրի մասնակից են դարձել։
Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Մասնակցելով նման միջոցառումների ներկայացնում ենք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։ Այս կերպ հանրահռչակելով՝ հնագիտությունը, արգելոցները, արգելոց-թանգարանները, կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են մասնաճյուղ արգելոց-թագարաններում։ Կրթական ծրագրերը ավելացել է ևս մեկով «Բջնի» պատմամաշակութային արգելոցում ներդրել ենք «Բջնի ամրոցի գանձերը» կրթական ծրագիրը։
Արհեստների երկրորդ միջազգային փառատոնին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է նաև ծառայության հրատարակությունները, որոնք նվիրված են արգելոցներին, արգելոց-թանգարաններին։
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին, ողջունել փառատոնի մասնակիցներին ու հյուրերին։
Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է: Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն:
Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։