«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոց

«Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Վայոց ձոր մարզի Արենի գյուղի վարչական տարածքում, Արենի – Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ` Նորավանքի կիրճում:

Կազմավորվել է 1988 թ. նոյեմբերին` ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ: Արգելոցը ընդգրկում է մոտ 200 հեկտար ընդհանուր մակերես, որից 40 հեկտարը կազմում  են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները:

 

Նորավանքի կիրճից է սկիզբ առնում Գնիշիկ գետը, որի  ջրերից էլ կենդանություն են առնում արգելոցի հարուստ բուսական աշխարհը, որի ոսկե ֆոնդը ներառում է շուրջ 200 էնդեմիկ տեսակներ: Բազմազան է նաև արգելոցի կենդանական աշխարհը:

 

«Արփի» բնապատմական արգելոցի միջնադարյան ամենամեծ հարստությունը Նորավանքի միջնադարյան պատմաճարտարապետական համալիրն է: Այն XII-XIV դարերում եղել է Սյունյաց մետրոպոլիտության աթոռանիստը: Այստեղ իրենց բուռն գործունեությունն են ծավալել Սյունիքի Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչները:

Համալիրը   2011 թ. տրվել է Էջմիածնին և այն գործող հոգևոր կենտրոն է: 2010 թ. այստեղ բացվել է նաև Մոմիկ ճարտարապետի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան: