«Առկա է փլուզման և քարաթափման վտանգ, մուտքը արգելվում է»․ Այս գրությամբ զգուշացնող վահանակներ են տեղադրվել Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրի 5-17-րդ դարերով թվագրվող ամրոցի տարածքում։
Աշխատանքները իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի գլխավորությամբ, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետի ուղեկցությամբ։
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Արուճի ամրոցի հարևանությամբ անցնող գյուղամիջյան ճանապարհով մեքենա անցնելու հետևանքով առաջացել է անցք և նկատելի են դարձել հնագիտական պատաշարեր և հնագիտական առարկաներ:
Արթուր Թովմասյան ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ
Արուճ բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացրել է մեզ, որից հետո մեր կողմից տարածքը սահամանզատվել է հատուկ ժապավենի միջոցով: Ըստ նախնական եզրակացության բացվել է ամրոցի ջրամբարը։
Արուճի ամրոցը (պետ. ցուցիչ 2.22.1) գտնվում է գյուղի կենտրոնական մասում հին և նոր դպրոցների միջև, եկեղեցուց և պալատական համալիրից 200-250 մ հարավ-արևմուտք:
Թվագրվում է 5-17-րդ դարերով: Ամրոցը մինչև 16-րդ դ․ եղել է արքայական զորքերի զորակայան: Կառուցվել է խոշոր բազալտե քարերից: Պարսպից դուրս պահպանվել են ամրոցի օժանդակ կառույցները: Ներսում պահպանվել են ամբողջական սենյակներ, փողոցներ: Ամրոցը մինչև 50-ական թվականները պահպանել է իր նախնական տեսքը:
Ամրոցների, հնագիտական հուշարձանների տարածքում վահանակների տեղադրման աշխատանքները շարունակվում են։ 2024 թ-ի ընթացքում ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արդեն 100-ից ավելի ցուցանակ է տեղադրել։