Միջնադարյան «Բաղաբերդ» ամրոցի պեղումներին «Արմենպրես»-ի անդրադարձը

Միջնադարյան «Բաղաբերդ» ամրոցի պեղումներին «Արմենպրես»-ի անդրադարձը

2024-12-10T16:58:10+00:00 10/12/2024|Լրահոս|

Նոր բացահայտումներ՝ միջնադարյան Բաղաբերդ ամրոցից. ամրոցում պեղումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում 13-14-րդ դարերին թվագրվող գտածոներ:

Փիրուզագույն ջնարակով պատված հախճապակե թասերի բեկորները, հորիզոնական կանթով տաշտը,  հորիզոնական բռնակով խնոցու բեկորները, ամրողջական կարասը և  սափորը, հասարակ և ջնարակապատ ծեցանոթների բազմաթիվ բեկորները և երկաթե գամերը բացահայտում են 1103 թվականին Սյունիքի թագավորության թագավորանիստ մայրաքաղաք հռչակված Բաղաբերդ ամրոցի ծաղկման շրջանը:

Պեղումների և վերականգնման նախագծի իրականցման պատվիրատուն և ֆինանսավորողը  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է:

Աշխատանքներն իրականցնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ ղեկավար պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի և վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի գլխավորությամբ:

Արշավախումբը պեղումներ է իրականացրել ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, պարսպի երկայնքով և հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել է շուրջ 70 քառակուսի մետր  մակերեսով տարածք և մինչև 1․2 մ հզորությամբ հողաշերտ։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա դրված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։

Պեղումներին զուգահեռ իրականացվել է տեղագրական հանույթ, կառույցների ֆոտոգրանոմետրիկ և սխեմատիկ չափագրություն։ Նախատեսվում է իրականացնել ամրոցի պարիսպների ու ներքին շինությունների ամրակայում ու մասնակի վերականգնում, ամրոցի աշտարակների արտաքին շերտի վերականգնում, ճեմուղիների ստեղծում։

Ըստ հայ միջնադարյան մատենագրական աղբյուրներում պահպանված ավանդության՝ Բաղաբերդը կառուցել է Բաղակը՝ Հայկի թոռ և Գեղամի որդի Սիսակ նահապետի զարմիկը։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ 4-րդ դարում Սյունիքի նախարար Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել Պարսից Շապուհ արքայի զորագնդերին։

Բաղաբերդի ծաղկման շրջանը սկսվում է 987 թվականին՝ Սյունիքի թագավորության հռչակումից հետո, երբ այն դառնում է թագավորության գլխավոր ամրոցը, իսկ 1103 թ․Կապան մայրաքաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության թագավորանիստ մայրաքաղաքը։

Գանձակի Ելտկուզ Աթաբեկի զորքերը 1170 թվականին պաշարում են Բաղաբերդը, որտեղ ամրացել էր Սյունիքի թագավորության Հասան Գեռաքարեցի վերջին արքան։ Տեսնելով անելանելի վիճակը՝ Հասանը գիշերով իր ընտանիքի հետ հեռանում է Խաչեն, որից հետո սելջուկները խաբեությամբ գրավում են Բաղաբերդը և կոտորած կազմակերպում։ Այստեղ կուտակվել էին մեծ թվով սրբություններ, եկեղեցական թանկարժեք սպասք, Տաթևի վանքի և երկրի մյուս վանքերի մասունքները, ոսկե ու արծաթե գոհարազարդ իրեր, շուրջ 10 հազար ձեռագիր։ Սելջուկները թալանում են գանձերը, իսկ ձեռագրերն այրում։

1211 թվականին Զաքարյանները ազատագրում են Սյունիքը և հանձնում Օրբելյան իշխանների տնօրինությանը, ովքեր, հավանաբար, նորոգման աշխատանքներ են իրականացրել Բաղաբերդում՝ այն կրկին դարձնելով անառիկ հենակետ։

Իսկ 1387 թվականի գարնանը Սյունիք են ներխուժում Լենկ Թեմուրի գլխավորած բանակները։ Մինչև 1403 թվականը Լենկ Թեմուրի բանակն անընդհատ ռազմական տեղաշարժեր էր կատարում Սյունիքով՝ ամայացնելով երկիրը, քանի որ նրա ձմեռային զորակայանը Դաշտային Արցախում էր։ Ամենայն հավանականությամբ,  Բաղաբերդը վերջնականապես ավերվել և լքվել է հենց այդ իրադարձությունների ընթացքում՝ 14-րդ դարի վերջերին:

 

https://fb.watch/wnZ3RYU0sx/