ԾԱՂԿԱՎԱՆՔ – ԾԻՐԱՆԱՎՈՐ

ԾԱՂԿԱՎԱՆՔ – ԾԻՐԱՆԱՎՈՐ

2014-02-25T09:52:09+00:00 25/02/2014|Լոռի Հուշարձաններ|

ԾԱՂԿԱՎԱՆՔ – ԾԻՐԱՆԱՎՈՐ
Լոռու մարզ
գ. Օձուն
պետ. ցուցիչ` 5.112.6

 

Վաղմիջնադարյան Ծաղկավանք-Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Օձուն գյուղի արևելյան մասում, Դեբեդի կիրճի եզրին: Կառուցվել է V դ.: Կազմված է աղոթասրահից և սյունասրահից: Աղոթասրահը արևելքից արևմուտք ձգված, միանավ թաղածածկ դահլիճ է՝ պայտաձև խորանով և երկթեք ծածկով: Պահպանվել են հյուսիսային և արևելյան պատերը: Սյունասրահը կից է դահլիճին հյուսիսային կողմից: Պահպանվել է մասամբ: Ունեցել է կամարակապ երեք բացվածք, արևելյան մասում՝ բաց խորան և թաղակապ միաթեք տանիք: Սյունասրահը XII –XIII դդ. վերակառուցվել է. փակվել է արևելյան կամարի բացվածքը, ավելացվել լայնական պատ՝ խորանը ներառելով քառակուսի հատակագծով շինության մեջ: Այն դահլիճի հետ հաղորդակցվել է ընդհանուր պատի կամարակապ մեծ բացվածքով:
Եկեղեցին կառուցված է մուգ կապտավուն սրբատաշ բազալտով և որձաքարով, իսկ որոշ կառուցվածքային տարրեր՝ դեղնակարմիր ֆելզիտով: Հարդարանքի միակ տարրը՝ պայտաձև կամարիկների ու եռանկյունիների շարքով խորաքանդակ քիվն է, որից մնացել է միայն անկյունաքարը:

Հիմնական գրականություն

Հասրաթյան Մ., Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., № 3,1974:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986: