ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՆԱՊԱՏԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ և ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. «ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՆԱՊԱՏԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ և ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2014-05-08T13:15:07+00:00 08/05/2014|Լրահոս|

Ս. թ. մայիսի 6-ին, «Hetq. am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Մշակույթի նախարարությունը չի հրաժարվել Գառնիի տաճարում սրճարան կառուցելու մտքից» վերտառությամբ հոդվածում հեղինակ՝ Սառա Պետրոսյան/ լրագրողի ներկայացրած որոշ փաստեր խիստ խեղաթյուրված են:
Հիշեցնում ենք, որ ս. թ. մարտի 26-ից ապրիլի 6-ը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ արքունական բաղնիքի հետնամասում /շուրջ 20 մետր հեռավորության վրա/ իրականացրել է հնագետների նախկին բազայի հարևանությամբ գտնվող հենապատի ամրակայման և բարեկարգման աշխատանքներ: Տեղեկացնում ենք, որ հենապատի վերականգնման աշխատանքներն որևէ կապ չունեն տաղավարների տեղադրման հետ:

Ս. թ. ապրիլի 15-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր պաշտոնական կայքէջի, էլեկտրոնային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի միջոցով հայտարարություն էր տարածել, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով՝ ս. թ. ապրիլի 19-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կանցկացվի տարածքի բարեկարգման ու մաքրման աշխատանքներ /շաբաթօրյակ/ և կոչ էր արել բոլոր մտահոգ քաղաքացիներին և կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը:

Պետք է նշել, որ նախաձեռնությանն արձագանքել են միայն «Արորդիների Ուխտի» և «Արմոբիլ» ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ էլ համատեղ անցկացվել է շաբաթօրյակը: Որևէ այլ կազմակերպություններ, նախաձեռնող խմբեր /ակտիվիստներ/, հուշարձաններով մտահոգ» քաղաքացիներ, այդ թվում նաև հոդվածագիրը՝ ոչ միայն չեն մասնակցել, այլ նաև ներկա չեն գտնվել միջոցառմանը՝ գոնե հետևելու աշխատանքներին: Տարածքի մաքրմանն ու բարեկարգմանը զուգահեռ որոշվել էր նաև հենապատի ուղղությամբ տեղադրել նստարաններ և շաբաթօրյակի օրը երեք նստարան պարզապես դրվել է նշված հատվածում: Քանի որ նստարանները պետք է ամրացվեն շարժական ամրակներով, շաբաթօրյակի ընթացքում և հաջորդ շաբաթ օրը` ապրիլի 26-ին հենապատի երկայնքով տեղադրվելիք ինը նստարանների ոտնակները գետնին ամրացնելու /շարժական ամրակներով/ նպատակով կատարվել են հիմքի նախապատրաստման աշխատանքներ: Ապրիլի 26-ից հետո մինչ օրս արգելոցի տարածքում որևէ աշխատանք չի իրականացվել:
Ինչ վերաբերում է Արքունի բաղնիքի խճանկարի, ինչպես նաև արգելոցի տարածքի մուտքից դեպի տաճար տանող սալահատակի վերանորոգման աշխատանքներին, ապա այդ հարցը քննարկվել է և օրակարգային է: