«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ` ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ` ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

2014-09-26T15:35:54+00:00 26/09/2014|Լրահոս|

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Ա. Բաբայանը դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանն ու հուշարձանի նկատմամբ կատարված իրավախախտման փաստի առթիվ ահազանգել է Կոտայքի մարզի ոստիկանություն:

Նշենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է, որ հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ անհնարինության դեպքում` հատուցել օրենքով սահմանված կարգով: Հավելենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով: