«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ ՄԱՔՐՎԵԼ Է

«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ԳՐԱՌՈՒՄԸ ՄԱՔՐՎԵԼ Է

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով գրվածը մաքրվել է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը: Իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել սեպտեմբերի 30-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նրանց հաջողվել էր կանխել ռուսաստանցի զբոսաշրջիկի հետագա գործողությունները: Իրավախախտման փաստի մասին արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչն ահազանգել էր ոստիկանություն: