ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ և Եղվարդի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքի Բազիլիկ եկեղեցու տարածքում /պետ. ցուցիչ 6.4.6/ իրականացվել են սանմաքրման և խնամքի աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին մեծ ակտիվությամբ մասնակցել են նաև եկեղեցու հարևանությամբ ապրող Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները, օգնել են նաև հարևանությամբ ապրող մյուս բնակիչները՝ տրամադրելով մաքրման համար անհրաժեշտ գործիքներ:
Ամբողջությամբ մաքրվել է Եղվարդի Բազիլիկ եկեղեցու ներսը, արևմտյան և արևելյան հատվածները, հավաքվել է մոտ մեկ բեռնատար բուսածածկույթ և կենցաղային աղբ: Եկեղեցու պահպանական գոտու հյուսիսային և հարավային հատվածների մի մասում աշխատանքներ չեն կատրվել՝ ջրատարից առաջացած ցեխաջրերի պատճառով: Այդ հատվածներում աշխատանքները կշարունակվեն տարածքների չորանալուց, կամ ոռոգման շրջանը փակվելուց հետո: Վերջում ՊՄՊ ծառայության պետը ակտիվ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, իսկ դպրոցականները խոստացել են այսուհետև անձամբ հետևել տարածքի մաքրությանը: