«Բերդ» պատմամշակութային արգելոց

«Բերդ» պատմամշակութային արգելոց 2021-11-11T10:15:52+00:00

«Բերդ» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 18-ի  N 541-Ն որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:   Արգելոցը  ստեղծվել է  «Տավուշի պատմության  և  կենցաղի թանգարանի» հիմքի  վրա, որը հիմնադրվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թ. հուլիսի 15-ի հրամանի համաձայն՝ որպես Հայաստանի ազգագրության պետական  թանգարանի (ՀԱՊԹ) Տավուշի (Շամշադինի) մասնաճյուղ:  1995թ. մայիսի 1-ից, համաձայն  ՀՀ մշակույթի նախարարության ապրիլի 17-ի N 55 հրամանի,  մասնաճյուղը  առանձնացվել է ՀԱՊԹ- ից և դարձել ինքնուրույն թանգարան՝ «Տավուշի պատմության և կենցաղի թանգարան» անվամբ և 1997 թ. հունվարից  դարձել  Բերդի  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույց: Նկատի ունենալով մշակութային այս օջախի կարևորությունը, ինչպես նաև պատմամշակութային  ու հնագիտական կարևոր  գոտում  գտնվելը,  2012 թ.- ին Բերդի  համայնքապետարանը առաջարկեց  այն հանձնել ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների  և  պատմական   միջավայրի պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ – ին :

«Բերդ»  պատմամշակութային արգելոցը (տարածքը 12.9909 հեկտար) գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին՝ պատմամշակութային հարուստ շերտի վրա, ամրոցների ու հնավայրերի հարևանությամբ: Արգելոցի տարածքում  են  գտնվում Տավուշ և Բերդ ամրոցները, մի քանի մատուռ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, սրբատեղիներ և այլն:

Տավուշ բերդը, կամ ինչպես այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի բերդը, առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ  Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն։ Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որն ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։ Տավուշի բերդը IX-X դարերում հռչակված վայր էր։ Այստեղ նստող իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատունի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրում է նրանց դիմադրությունը և գրավում Տավուշի բերդը։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XI դդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին։ XIV դ. վերջից անտերունչ մնացած Տավուշն աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։

Տավուշի բերդը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։

1966-1968 թթ. Բերդ ամրոցի դամբարանադաշտում պեղումներ է իրականացրել Ստեփան Եսայանը, իսկ 1980-ական թվակաների վերջերին Տավուշի ամրոցի տարածքում պեղումների փորձեր է կատարել հնագետ Հայկ Եսայանը, որը մնացել է անավարտ: 2014 թ. հոկտեմբերին ամրոցի ստորոտում գտնվող քարայրներում ուսումնասիրություներ է սկսել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Բորիս Գասպարյանի գլխավորությամբ:                «Տավուշի պատմության  և  կենցաղի թանգարանն» իր մեջ ամփոփում  է  Տավուշի բնակչության անցյալին  ու ներկային վերաբերող պատմական, հնագիտական  ու ազգագրական նյութեր՝  մասնավորապես տարածաշրջանի հնագիտությունը, հոգևոր ու նյութական  մշակույթը, երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները և այլն: 2017 թ-ին  թանգարան  է տեղափոխվել «Դիլիջանի  ժողովրդական ճարտարապետություն» արգելոց-թանգարանի  հավաքածուի շուրջ 800 պատմահնագիտական առարկա, որոնք համալրել են հիմնական ցուցադրությունը: Թանգարանում առանձին տեղ են գրավում երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտին  վերաբերվող  նյութերը: