«ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ 2023-01-16T15:20:13+00:00

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 22-ի N 644-Ն որոշմամբ՝ որպես մասնաճյուղ ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:  Պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում (պետ. ցուցիչ՝ 3.53.1) և զբաղեցնում է 12.72126 հեկտար:

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Հնաբերդ, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի  (330-338) կողմից, ով այստեղ է տեղափոխել  Հայոց արքունիքը 330-331 թթ.:  470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև Հայրապետական Աթոռը: VIII-IX դդ. Դվինը եղել է արաբ զավթիչների ստեղծած «Արմինիա» վարչամիավորի կենտրոն: Դվինը նոր վերելք է ապրել IX-XI դդ. Բագրատունիների թագավորության օրոք: XI դ. երկրորդ կեսին բռնազավթվել է սելջուկ թուրքերի կողմից: Ազատագրվել է XIII դ. Զաքարյանների իշխանության օրոք: Դվինն ամբողջությամբ ավերվել է 1225 թ. Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլների արշավանքների ժամանակ: XV-XVI դդ. նրա տարածքում առաջացել են մի քանի գյուղական բնակավայրեր:

Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և նրա շրջակայքի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական բազմաթիվ շինությունների մնացորդներ։

Քաղաքատեղին 1899 թ. ուսումնասիրել է Ն. Մառը, 1907-1908 թթ.` Խ. վարդապետ Դադյանը, 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.` Կ. Ղաֆադարյանը, 1976 թ-ից` Ա. Քալանթարյանը: 2019 թ-ից հնագիտական արշավախմբի ղեկավարն է Հ. Պետրոսյանը: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ:

Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Միջնաբերդը կառուցվել է ընդարձակ հարթավայրի հյուսիսարևելյան կողմում գտնվող բլրի գագաթին, իսկ բուն քաղաքը` շահաստանը, կառուցապատվել է բլրի փեշերին, դեպի հարավարևմուտք ձգված հարթավայրի վրա: Միջնաբերդի և քաղաքի միջև կապը ապահովվել է երկու կամուրջների միջոցով, մեկը` միջնաբերդի հարավից, մյուսը` արևելյան կողմից: Միջնաբերդը և քաղաքը շրջափակվել են կիսաշրջանաձև աշտարակներով և հզոր բուրգերով համալրված պարիսպներով:

Բլրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին պահպանվել են պալատական, եկեղեցական և աշխարհիկ շինությունների մնացորդներ, որոնցից հիշարժան են IV դ. թվագրվող բազիլիկ եկեղեցին և Արշակունյաց գահասրահը: Վերջինս եղել է սյունազարդ` դահլիճի երկարությամբ երկշարք չորսական սյուներով:
Միջնաբերդի կառուցվածքների մեջ առանձնանում է թրծված աղյուսով շարված բաղնիքը, որից մնացել են կրակարանը և արևմտյան լոգասրահը:

Կենտրոնական թաղամասում բացվել են Ս. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, միանավ բազիլիկի և երկու կաթողիկոսական պալատների մնացորդներ:

Ս. Գրիգոր եկեղեցին հայ ճարտարապետության եզակի նմուշներից է: Կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում, IV դ. սկզբին: Նախնական տեսքով եռանավ բազիլիկ է, որը հետագայում` VII դ. սկզբին վերածվել է գմբեթավոր շինության: Ունեցել է ճոխ հարդարանք: Կաթողիկեն վերջնականապես կործանվել է 893 թ. երկրաշարժից:

Միանավ բազիլիկ եկեղեցին գտնվել է Կաթողիկեից հյուսիս-արևելք: Կառուցվել է VI դ. Ներսես Բագրևանդեցի կաթողիկոսի օրոք: Ավերվել է 893 թ. երկրաշարժից:

Կաթողիկոսական պալատը վաղ միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետական կառույցների լավագույն օրինակներից է: Գտնվել է Կաթողիկեի հարավարևմտյան մասում: Կառուցվել է V դ. երկրորդ կեսին: Քառակուսի հատակագծով շինություն է` կենտրոնական սյունազարդ դահլիճով, բոլոր կողմերից շրջապատված բնակելի, տնտեսական և պաշտամունքային սենյակներով: VI դ. կեսերին վերածվել է պարսից պաշտոնյայի նստավայրի, և պալատի արևմտյան մասում կառուցվել է կրակապաշտական մեհյան: Պալատը քանդվել է հայոց 572 թ. ապստամբության ժամանակ:

Երկրորդ կաթողիկոսական պալատը գտնվել է Կաթողիկեի հյուսիսային մասում: Կառուցվել է VII դ.: Քառակուսի հատակագծով շինություն է: Ունի կենտրոնական սյունազարդ սրահ` կողմնային սենյակներով: Պահպանվել է քանդակազարդ խոյակներից մեկը:

Դվինի աշխարհիկ շինություններից հիշարժան է միջնաբերդից հարավ-արևելք բացված տուֆակերտ շուկայի շենքը` ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևանատուն-խանութներով: Կործանվել է 893 թ. երկրաշարժից: Վերակառուցվել է X դ. և վերջնականապես ավերվել XIII դ.:

Դվին քաղաքը իր կառուցապատման երեք փուլերի` IV-VII դդ., VIII-X դդ. և XI-XIII դդ., ընթացքում կրել է զգալի փոոխություններ:

Դվինը, լինելով Մերձավոր Արևելքի առևտրական խոշոր կենտրոններից, հայտնի էր զարգացած արհեստագործությամբ, ինչպես նաև գինեգործությամբ: Պեղածո արժեքավոր իրերը վկայում են խեցեգործության, ապակեգործության, դարբնության, արծաթագործության, գորգագործության բարձր մակարդակի մասին:

Ավերակների վերածված նախկին ծաղկուն ու զարգացած քաղաքը Միջնադարյան Հայաստանի բարձր մշակույթի պատմական վկան է: