«Ագարակ» պատմամշակութային արգելոց»

«Ագարակ» պատմամշակութային արգելոց» 2024-11-27T15:28:35+00:00

«Ագարակ» պատմամշակութային արգելոց»-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի /պետ. ցուցիչ` 2.4.1/ հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ: Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ: Բոլոր այդ կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև զոհարանների շնորհիվ բնական լանդշաֆթը վերածվել է հսկա կոթողի:

118 հա տարածք զբաղեցնող ծիսական լանդշաֆտի նմանատիպ օրինակ, մինչև Ագարակի պեղումները հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր: Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են: Ընդ որում դրանց մի մասը համարվում է խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգական` շաղկապվելով հատկապես աստվածների մեծ մայր, լեռների, անտառների և կենդանիների կառավարիչ և պտղաբերությունը հովանավորող Կիբելա աստվածուհու պաշտամունքի հետ:

Նկատի ունենալով «Ագարակ» բնակատեղի-հնավայրի հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում,  ՀՀ կառավարության   2001 թ. դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թ. նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ»  պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

 

Պատմական ակնարկ

Պեղումներից հայտնաբերված մեծաքանակ խեցեղենը, թրծակավե արձանիկները, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդները թույլ են տալիս հնավայրի բնակեցման այս շրջանը վերագրել շենգավիթյան կամ քուր-արաքսյան հնագիտական մշակույթի միջին փուլին, որը ժամանակագրվում է Ք.ա. 29-27-րդ դդ. սահմաններում: Հարթակի հարավային կողմում բացված ուրարտական ժայռափոր դամբարանի, ուրարտական կնիքով կարասային թաղման և խեցեղենի առկայությունը թույլ է տալիս ասել, որ Ագարակի հնավայրը բնակեցվել է նաև Ք.ա. 8-6-րդ դարերում: Վանի թագավորության կազմալուծումից հետո  Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր էր:

Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել: Լինելով Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ.: Այդ են վկայում հելլենիստական և ուշ անտիկ շրջանի քաղաքային մշակույթին բնորոշ գունազարդ խեցեղեն պարունակող շերտերից հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախման և Օգոստոս Օկտավիանոսի արծաթե  դենարը, ուշ հելլենիստական շրջանի ժայռափոր թաղումներից հայտնաբերված մի քանի  կնքադրոշմ մատանիները:

Ագարակի հնավայրի բնակեցման վերջին փուլը ներկայացված է 17-18-րդ դդ. բնորոշ նյութերով (խեցեղեն, օջախների հիմքեր, Երևանի խանության կողմից թողարկված պղնձե դրամներ):