Լոռու մարզ, գ. Դսեղ, պետ. ցուցակ N 5.35.15.1
Դսեղ գյուղում և նրա շրջակայքում կան միջնադարյան բազմաթիվ գերեզմանոցներ՝ Լուսավորիչ եկեղեցու բակում, «Քարի գլուխ» կոչվող թաղամասում: Գերեզմանատեղեր կան նաև գյուղից դուրս գտնվող հուշարձանների հարևանությամբ՝ Քառասնից Մանկանց, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրների և բազմաթիվ այլ վայրերում գտնվող խաչքարերի շուրջ:
Գյուղի կենտրոնում է գտնվում Լոռու ամենահին գերեզմանոցներից մեկը, որտեղ հրաշքով պահպանվել և մեզ են հասել Քառակող կոթողը, Խաչելության խաչքարը, ևս մի քանի պահպանված ամբողջական խաչքարեր, խաչքարային բազմաթիվ բեկորներ, հարյուրավոր խաչքարերի թափուր պատվանդաններ և ավերված Միանավ եկեղեցի:
Գերեզմանոցը լիարժեք ուսումնասիրված չէ: 2014թ. կազմակերպեցին Քառակող կոթողի պատվանդանի ամրակայման և հետախուզական պեղման աշխատանքներ, որի շնորհիվ պարզվեց, որ տեղանքը բազմաշերտ է և մինչ այդ ներկայացված «եռաստիճան» պատվանդանը՝ հնգաստիճան է, որի ստորին հատվածում պահպանվել են ևս երկու հսկա սալաքարային աստիճաններ:
Խորհրդային տարիներին գերեզմանոցի տարածքը անուշադրության է մատնվել, որի պատճառով էլ ավելացել է հողի վերնաշերտը` ներքևում թողնելով վաղ շրջանի տապանաքարերը: 2004թ. ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով, բարեկարգվեց հուշարձանի տարածքը և մի քանի ընկած, բայց անվնաս մնացած խաչքարեր, կրկին տեղադրվեցին իրենց պատվանդանների վրա:
Գերեզմանոցի տարածքում հատկապես առանձնանում են հետաքրքիր ու յուրօրինակ պատկերաքանդակներով (զենքեր, գործիքներ և այլն) բազմաթիվ տապանաքարեր:
Այս գերեզմանոցում են ամփոփված նաև Հովհաննես Թումանյանի մայրական գծով պապ՝ Հովհաննես Քոչարյանի և տատի շիրիմները:
Հուշարձանը զբոսաշրջիկների սիրված վայրերից է, դրա վկայությունն է օրեցօր աճող այցելուների թվաքանակը: