Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում ապրող Միրզոյանները մեկն են այն բազմաթիվ հայ ընտանիքներից, որոնց զավակներն այսօր հպարտ կանգնած են հայրենիքի պաշտպանությանը՝ բարբախտաբար ողջ և առողջ: Միրզոյանների հինգ երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքի երկու որդիները՝ Հունանն ու Աշոտը ժամկետային զինծառայողներ են, շուտով նրանց կմիանա նաև երրորդ եղբայրը՝ Արան: Ընտանիքի հայրը՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության հուշարձանի պահապան Տիգրան Միրզոյանը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների մասին լուրը լսելուն պես, զինվորագրվել է ու մեկնել առաջին գիծ:
«Երբ ամուսինս պատրաստվում էր, որ գնար, ես միայն աղոթում էի, որ մինչև տեղ հասնելը պատերազմը դադրեր»,-ասում է ընտանիքի մայրը՝ Մարգարիտա Միրզոյանը ու շարունակում, թե երբ լսեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա թշնամու անակնկալ հարձակման ու արյունալի մարտերի մասին լուրը, սարսափահար են եղել, չէ որ Հադրութում ծառայող երկու որդիներն էլ այդ օրը շփման գծում են եղել, որոնցից երկար ժամանակ լուր ստանալ չէր հաջողվել: Իրեն բնավ չառանձնացնելով սահմանագծին հայրենիքը պաշտպանող մյուս զինվորների մայրերից, Մարգարիտան աղոթում է, որ քառօրյա պատերազմին հետևած կրակի ժամանակավոր դադարը երբեք չխախտվի ու արցունքն աչքերին ավելացնում. «ոչ մի մայր թող այլևս չլսի իր զինվոր որդու՝ անգամ վիրավոր լինելու լուրը, իսկ մահվան բոթը նույնիսկ թշնամու մորը չեմ ցանկանում… »:
Բազմազավակ ընտանիքի երեք չափահաս տղամարդիկ այսօր առաջնագծում են և ընտանիքը, փաստորեն, մնացել է առանց կերակրողի, այդ է պատճառը, որ ՊՈԱԿ-ը չէր կարող անտարբեր մնալ իր աշխատակցի՝ որդիներին առաջնագծում միացած Տիգրան Միրզոյանի ընտանիքի նկատմամբ: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հանգանակած ֆինանսական աջակցությունը և որոշ սննդամթերք այսօր փոխանցվեց Միրզոյանների ընտանիքին: Ընտանիքին այցելած ՊՈԱԿ-ի տնօրենի՝ մասնաճյուղերի գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը հույս հայտնեց, որ շուտով ընտանիքի տղամարդիկ ողջ և առողջ տուն կվերադառնան:
Ավելացնենք, որ Տիգրան Միրզոյանը ՊՈԱԿ-ի աշխատակիցներից միակ կամավորը չէ, որն այս օրերին Արցախի սահմանագիծ է մեկնել: Հայրենիքի պաշտպանությանն են զինվորագրվել ևս երեքը` ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Միհրան Մանուկյանը և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հուշարձանի պահապան Արա Իասավերդյանը: Նրանց ընտանիքները ևւս աջակցություն կստանան ՊՈԱԿ-ի կողմից: