ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

2016-05-06T17:11:22+00:00 06/05/2016|Լրահոս|

Ղարաբաղյան շարժումն, ըստ էության, հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ ազգային ինքնիշխանության հաստատման համար մղված պայքարի բացառիկ դրսևորում է: Հայ ժողովրդի շահերից բխող արցախյան հիմնախնդրի բարձրաձայնումը հայոց ազգային անկախության նվաճման ուղու սկիզբն էր:

Հայ ռազմարվեստի պատմության մեջ բացառիկ տեղ են զբաղեցնում Շուշիի ռազմական գործողությունները: Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու պատմական իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու ընթացող մարտերում կոփված հայոց հաղթանակի ոգին:

Արցախյան շարժումը թևակոխել էր որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցնելու պատերազմական գործողություններում և ԼՂՀ անկախությունը դարձնել ավելի քան իրական:

Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող հիմնական կրակակետի: Հետևաբար, Շուշիի ազատագրումը Ստեփանակերտի և ԼՂՀ-ի ողջ բնակչության անվտանգության շահերից բխող կենսական անհրաժեշտություն էր:

Ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան, իրականացվել է չորս ուղղություններով՝ մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 23:00-ին: 1. Հյուսիսային ուղղություն-հրամանատար Վալերի Չիտչյան, 2. Շոշի ուղղություն-հրամանատար Արկադի Կարապետյան, 3. Լաչինի ուղղություն-հրամանատար Սամվել Բաբայան, 4. Քյոսալարի ուղղություն-հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական ընդհանուր գործողությունները ղեկավարում էր գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, հատկապես կորուստների և տևողության նվազագույն չափը, հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը: Ազատագրման գործողության մշակումն ու իրագործումը հերթական անգամ ապացուցեց հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձավ մարտական լուրջ մկրտություն: Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված հասցրեց հակառակորդին, որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել պարտվածի բարդույթը: Ապրիլյան վերջին օրերի զարգացումները դրա խոսուն վկայություններն են:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9 պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման և հաղթանակի օր:

Շնորհավոր տոնդ հայ ժողովուրդ: