Սյունիքի մարզ, պետ. ցուցիչ `8.54.1:
Հալիձոր գյուղատեղիից 1.2 կմ հյուսիս-արևելք, Շինուհայր տանող ճանապարհից աջ, ժայռոտ բլրի վրա է գտնվում «Վնսար» ագարակը: Տեղացիները տարածքն անվանում են «Խաչի խութ»: Բլրի գագաթին պահպանվել են ավերակ եկեղեցու հիմնապատերը, երեք խաչքար, մի քանի գերեզմանաքար և տների հիմնապատեր: Խաչքարերից մեկի պատվանդանի արևմտյան երեսին և հյուսիսային քիվին պահպանված 18 տող արձանագրության մեջ վայրը կոչված է Վնսար (Վանասար, Վանքասար): Արձանագրությունից տեղեկանում ենք, որ XIII դարի վերջին Տարսայիճ Օրբելյանը ագարակը նվիրել է վարպետ-ճարտարապետ Սիրանեսին, որտեղ ասվում է, որ Սիրանեսը Նորավանքում առանց վարձատրության՝ իշխանի պատվերով, եկեղեցի է կառուցել, որի համար էլ «Վնսար» ագարակը՝ որպես վարձատրություն, ժառանգաբար նվեր է ստանում իշխանից:
Ստ. Օրբելյանի երկից տեղեկանում ենք, որ Տարսայիճ Օրբելյանի ավագ եղբայրը՝ Սմբատ իշխանը, մահանում է Թավրիզ քաղաքում 1273թ. (Սմբատ իշխանը` անզավակ լինելով, որդեգրում է Տարսայիճ եղբոր Ստեփանոս որդուն, որին կրթության տալով, պատրաստում է հոգևոր ծառայության: Հենց այդ Ստեփանոսն էլ ապագա Սյունյաց մետրոպոլիտ և մեծանուն պատմագիր Ստեփանոս Օրբելյանն է): Նրա աճյունը հանդիսավոր թափորով տեղափոխվում է Ամաղու Նորավանք և դրվում հայրենի տապանատանը՝ իրենց տոհմական գերեզմանոցում: Այնուհետև Տարսայիճ Օրբելյանը եղբոր համար կառուցում է առանձին դամբարանատուն՝ Սբ. Կարապետ եկեղեցուն հյուսիսից կից Սբ. Գրիգոր եկեղեցին, և եղբոր աճյունը տապանատնից փոխադրում է այստեղ: Տարսայիճը թողել է արձանագրություն դամբարանի արևմտյան մուտքի ճակատին, որտեղ նշում է, որ այն կառուցել է իր եղբայր «Սմպատ արքաին» համար, ՉԻԴ (1275) թվականին: Եկեղեցու հյուսիսային պատին պահպանված արձանագրության մեջ ասվում է, որ Տարսայիճ Օրբելյանի ցանկությամբ եկեղեցին կառուցել է Սիրանես ճարտարապետը, որի համար Հալիձոր և Շինուհայր գյուղերի տարածքից հայրենի կալվածք է հատկացնում Սիրանեսին:
Դատելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ Սիրանեսը ծնունդով եղել է Հալիձոր գյուղից և Նորավանքում Սբ. Գրիգոր եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո վերադարձել է իր ծննդավայրը:
«Վնսար» ագարակի տարածքում՝ դեպի հարավ-արևմուտք, կանգնած է մեկ այլ խաչքար, որի ճակատին պահպանված արձանագրության մեջ ասվում է.
ԿԱՄԱՒՆ ԱԾ ԵՍ ՀԱԶԱՐՄԷԼ ՈՒ ՍԻՐԱՆԷՍ ԿԱՆԿՆԵՑԻՆՔ ԶԽԱՉՍ ՀՕՐՆ ՄԵՐՈ ԳՈՔԱ ՄՕՐՆ ՄԵՐՈ ԹԷՆԻԿԱ:
Ակնհայտ է, որ խաչքարը կանգնեցված է ի հիշատակ Սիրանեսի ծնողների:
Օգտագործված գրականություն
1. Ստ. Օրբելյան, Պատմություն նահանգին Սիսական, Երևան, 1986
2. Ղ. Ալիշան, Սիսական, Երևան, 2009
3. Ս. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պրակ 2-րդ, Երևան, 1960: